Լրահոս
Հասարակական
23:47
24.03.26
401

Երբ երեխայի առողջությունը կախված է քաղաքացիությունից․ «Հետք»

Img default alt hy

«Հետք»-ը գրում է․ «Արմեն Հայրապետյանը մարտի 21-ին իր 2 տարեկան 8 ամսական որդուն տարել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկա՝ բժշկական ստուգման։ Երեխան մի քանի օր հազում և ջերմում էր։ Հերթապահ բժիշկը համակարգչային ԿՏ հետազոտության (տոմոգրաֆիա) ցուցում էր տվել ու մի քանի դեղ նշանակել: Ասել էր, որ հետազոտությունը վճարովի է լինելու` 80 000 դրամ, քանի որ արցախցի Արմեն Հայրապետյանն ու իր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն։

«Բժիշկը շատ բարեհամբույր էր, էնպես էր անում, որ հանկարծ մեզ վատ չզգանք։ Ես զարմացա, ասեցի՝ էդպես ո՞նց կլինի, ախր հարցը երեխաներին է վերաբերում։ Ինքն ասաց, որ ոչինչ անել չի կարող, քանի որ օրենքն էդպես է, անգամ ուղեգիր տրամադրելու դեպքում պիտի հետազոտության համար վճարեմ»,-պատմում է Արմենը։

Հերթապահ բժշիկն Արմենին էր փոխանցել Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարն ու առաջարկել նախարարության հետ պարզաբանել։

Արմենը դիմել էր նախարարություն, որտեղից նրան հայտնել էին, որ երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անչափահասներին։ Եթե նրանք ունենային ՀՀ քաղաքացիություն, ապա երեխան կարող էր անվճար բուժօգնությունից օգտվել։

Արմենին այս որոշումը անտրամաբանական է թվացել։ Նրա ընտանիքի անդամները ունեն ժամանակավոր հաշվառման հասցե, կցված են թիվ 19 պոլիկլինիկային, ունեն նաև փախստականի կարգավիճակը հավաստող վկայական։

«Ես հիմա նաև դիմել եմ ՀՀ քաղաքացիության համար, անհրաժեշտ փաստաթղթերն էի հավաքում, այդ գործն էլ ընթացքում է, չնայած կարծում եմ, որ բոլորս էլ քաղաքացի ենք, նույն անձնագիրն ունենք ու իմ անձնագրում էլ է նշված ՀՀ քաղաքացի, ինչու՞ պետք է առողջապահական ու կենցաղային առաջին անհրաժեշտության կարիքների համար փախստական լինելը խոչնդոտ հանդիսանա»,-ասում է Արմենը։

ՀՀ կառավարության N 318-Ն որոշմամբ՝ պետությունը երաշխավորում է անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն բոլոր երեխաների համար:

ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշումը սահմանում է՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տրվում է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հավասարեցվում է փախստականի կարգավիճակին»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։