Լրահոս
Միջազգային
11:10
12.03.26
122

ԱՄՆ-ում պարգև են առաջարկել ռազմաբազայից գողացված անօդաչու սարքերի մասին տեղեկատվության համար

Img default alt hy

ԱՄՆ բանակի նախարարությունը 5 հազար դոլար պարգև է առաջարկում Քենտուկի նահանգի Ֆորտ Քեմփբել ռազմաբազայից գողացված չորս հետախուզական անօդաչու թռչող սարքերի մասին տեղեկատվության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բանակի նախարարության քրեական հետաքննությունների ծառայությունը առաջարկում է մինչև 5000 դոլար պարգևատրում այն տեղեկատվության համար, որը կհանգեցնի չորս Skydio X10D անօդաչու սարքերի գողության համար պատասխանատու անձի կամ անձանց ձերբակալմանն ու դատապարտմանը»,-ասված է ռազմաբազայի սոցիալական էջերում հրապարակված հայտարարության մեջ։

Զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու սարքերը վերջին անգամ տեսել են 2025 թվականի նոյեմբերի 21-ին, իսկ ենթադրաբար նոյեմբերի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք ապօրինի կերպով մուտք են գործել բազա և գողացել դրանք։

Ամերիկյան համանուն ընկերության կողմից արտադրվող Skydio X10D անօդաչու համակարգերը իրենցից ներկայացնում են փոքր, շարժական, չորս պտուտակավոր սարքեր, որոնք զինվորականներն օգտագործում են մարտավարական հետախուզության և դիտարկման համար։ Որոշ մոդելներ համալրված են նաև ջերմային տվիչներով (սենսորներով)։
Այս անօդաչու սարքերի արժեքը, կախված կոնֆիգուրացիայից, կազմում է 15-ից 35 հազար դոլար։