Լրահոս
Միջազգային
23:05
10.03.26
145

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանն առայժմ չի ցանկանում դիվանագիտություն․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանն առայժմ չի ցանկանում Վաշինգտոնի հետ հակամարտության դիվանագիտական լուծում փնտրել։ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

«Նախագահ Թրամփը ասել է, որ ինքը բաց է հաղորդակցության համար։ Հարցը հետևյալն է․ արդյո՞ք նրանք ցանկանում են հասնել դիվանագիտական լուծման։ Առայժմ փաստերը վկայում են, որ ոչ», - ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ եթե Իրանը ցանկանա բանակցություններ վարել, Թրամփը «բաց կլինի դրա համար»։ «Բայց առայժմ իմաստ ունի միայն «խաղաղություն՝ ուժի միջոցով» մոտեցումը»,-հավելել է նա։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը նպատակահարմար չի համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետագա վարումը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով սպանվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։