Լրահոս
Միջազգային
22:08
21.04.26
317

Վենսի այցը Պակիստան հետաձգվել է Իրանի պատասխանի բացակայության պատճառով. NYT

Img default alt hy

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների նպատակով, հետաձգվել է անորոշ ժամկետով, քանի որ Վաշինգտոնը Թեհրանից պատասխան չի ստացել իր բանակցային դիրքորոշումների վերաբերյալ։ Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։

Երեքշաբթի օրը Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։ Որոշման բացակայությունը նա բացատրել է ամերիկյան կողմի հակասական ուղերձներով, վարքագծով և «անընդունելի» գործողություններով։
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դիվանագիտական ուղևորությունը Իսլամաբադ, որտեղ ակնկալվում էր նրա հանդիպումը իրանցի բանագնացների հետ՝ միջուկային գործարքը քննարկելու նպատակով, հետաձգվել է այն բանից հետո, երբ Թեհրանը չի արձագանքել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին», -ասված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, պարբերականի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ առանց Թեհրանի պատասխանի դիվանագիտական գործընթացը փաստացի դադարի մեջ է, Վենսի ուղևորությունն ինքնին դեռևս չի չեղարկվել։

«Ուղևորությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի, եթե իրանցի բանագնացներն արձագանքեն այնպես, ինչը նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփը կհամարի ընդունելի։ Ամերիկացի պաշտոնյաները նաև ակնկալում են հստակ ազդանշան առ այն, որ իրանցի բանակցողներն օժտված են համաձայնագիր կնքելու բոլոր լիազորություններով», -նշվում է հրապարակման մեջ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով ավելի քան 3 հազար մարդ զոհվեց։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին ապարդյուն. թեև մարտական գործողությունների վերսկսման մասին չհաղորդվեց, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։