Լրահոս
12:12
27.04.19
268

Տոնական կալոշ. Աղվան Ասոյան

Img default alt hy

Քաղաքացու օրը նոր իշխանություններն այնուամենայնիվ որոշեցին նշել: Տոնակատարությունները կիրականցվեն տարբեր քաղաքներում:

Կան գյուղեր, որոնց տեղը նույնիսկ Աստված է մոռացել: Չեմ ուզում խոսել հիասքանչ բնության մասին՝ Շվեյցարիան ավելի գեղեցիկ է: Ոչ էլ կխոսեմ գրանդիոզ ճարտարապետության մասին՝ աշխարհն Իտալիա ունի: Ոչ էլ կպատմեմ, որ ամենահին ազգերից ենք, որ առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունը,որ Նոյն իր տապանը կայանել է Արարատ լեռան գագաթին...:Հատկապես, որ այդ իրադարձությունների նշանակությունը խիստ չափազանցված է: Ուզում եմ խոսել մարդկանցից: Այ նրանց պես աշխարհում չկա:

Կարծեմ գարնանն էր, երևի նախանցյալ տարի, կարծեմ աշխատանքի բերումով ու երևի դեղին կոշիկներով հայտնվել էի Ազնաբերդ գյուղում: Վայոց Ձորի մարզում է, սահմանին գրեթե կպած: Ճանապարհին նորագույն տեխնոլոգիաների մասին մոռացեք՝  սարերի մեջ որևէ տեսակի կապ չկա: Ձեռքիս լուանկարչական սարք կար, որն աշխատում էր ստրուկի պես: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ այդքան շատ նկարում: Բայց շարունակում էի, առանց հանգստանալու: Հիմա եմ հասկանում՝ վախից էր, ամոթից: Օբյեկտիվի հետևից իրականությունն այլ կերպ ես տեսնում՝ քո ուզած իրականությունը: Ունակ չէի երես առ երես կանգնել ու նայել իրականության աչքերի մեջ: Այդ իրականությունն ինձ համար չափից շատ էր: Ոչ էլ դեղին կոշիկներիս էր սազական: Ծխածս սիգարետն էլ մի բան չէր՝ բարակ սիգարետ, որն այս լեռների ու իրականության հետ մի տեսակ չէր բռնում: Բայց ծխում էի շոգեքարշի պես:Մարդիկ կարծես ուրախ էին ինձ, մեզ՝ նորեկներին տեսնելու համար:

Մի կողմից էլ տրամաբանական է: Մենք հայտնվել էինք մի տեղում, ուր անգամ փոստատարը չի գնում: Բայց մարդիկ ուրախ էին, առաջին հայացքից, անհոգ ու հյուրընկալ: Նրանք ինձ դուր եկան, անկեղծ էին: Ես էլ երևի նրանց, քանի որ ժպտում էին: Մարդիկ չգիտեմ, շներին հաստատ դուր չեկա: Օտար էի, ժպտում էի ու ռետինե սապոգներ չունեի հագիս:  Ռետինե սապոգները… չգիտեմ էլ ինչու են արհամարհական կալոշ անվանում: Կարծես ճակատագրի պես մի բան լինի,կնիք: Անտարբերության կնիք, որը խորհրդային տարիներից ի վեր խարանի պես մնացել է գյուղի սերունդների ճակատին ու կարծես չունի վաղեմության որևէ ժամկետ: Ռետինե սապոգն է նրանց ճակատագիրը: Դրանք հագած՝ անգամ փախչելն է անիմաստ: Բայց հենց սապոգն էլ նրանց փրկությունն է: Ցեխից: Համատարած ցեխից, որ անձրևից հետո պարուրում է ամբողջ գյուղը: Հենց այդ ցեխն է ստիպում չերազել, ամեն անգամ աչքիդ առաջ բերելով տխմար ու կեղտոտ իրականությունը:  Ժամանակն այստեղ այլ կերպ է ընթանում: Լավի ու վատի մասին պատկերացումներն էլ այլ են: Նրանց չզարմացրեցին մեր ամենագնացները, տեսախցիկները և ոչ էլ թանկարժեք հագուկապը: Ամենազարմանալին դեղին կոշիկներս էին: Կարծես զգուշացնող նշան լիներ, օտարականի նշան: Իսկ օտարներին ժպտում են, բայց չեն սիրում:

Ցեխը երևի քիչ էր, գյուղը նաև վայրի կենդանիների քոչի միջանցք է: Երբևէ արջ գետնած կա՞ք: Երևի բարդ գործ է: Հերոսության պես է հնչում, բայց այս գյուղի առօրյան է:

Մի փոքրիկ տղա, երևի արդեն անպետք դույլի կափարիչով մեքենա էր վարում:

-Քանի՞ տարեկան ես, ճո՛ւտ:

-Հի՛նգ,- մի տեսակ արհամարհական տոնով պատասխանեց:

-Կտա՞ս ավտոդ քշեմ:

-Էս ավտոն քո քաղաքում լավ չի էթա, սրանից քշելու համար պիտի ստեղ ապրես:

Մի տեսակ ամաչեցի քաղաքացու իմ կարգավիճակից ու հեռացա գյուղից: Ռետինե սապոգների մեղավորներից մեկն էլ ես եմ, դու ես, մենք բոլորս ենք: Սա մեկ կարճ անուն ունի՝ անտարբերություն: Իսկ այս մարդի՞կ…

Հիմա առաջարկում եմ անել մեծամասնության համար անսովոր ու խորթ մի բան: Եկեք մտածենք:

Քաղաքացին մտածում է: