Լրահոս
Հասարակական
10:47
06.06.26
235

Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած, հայտնում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Նման խոշորամասշտաբ դեպք մեր գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել։

Հիմա ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած գյուղացիներին չթողնեն միայնակ։ Բալարոս վարկերով վերցրած մի կերպ պահում էինք ու մեծ մասը միայն հասցնում էր վարկերը փայել։ Հիմա էկոնոմիկայի նախարարությունը եթե բարի կամք դրսևորի, հաստատ կարող է մեզ միայնակ չթողնել այս աղետի մեջ։ Սա որ աղետ է, միանշանակ է։ Ողջ գյուղով երկար ժամանակ շոկից դուրս չենք գա։ Գելերն արդեն մեր ապրուստի միջոցը րոպեների ընթացքում զրոյացրեցին։ 

Հիմա նորից դիմում ենք մարզպետին, էկոնոմիկայի նախարարին, ու ուզում ենք հավատալ, ու նախարարը երբ տարբեր գյուղացիների հետ հանդիպմանն ասում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է ասում, որ գյուղացուն պետք է թև ու թիկունք լինել, հիմա սա այն դեպքն է, որ մարզպետն ու նախարարը կարող են ապացուցել, որ վարչապետի խոսքերը լոկ խոսքեր չեն։ Մենք խնդրում ենք, որպեսզի մեզ միայնակ չթողնեն»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Սևանի բաժնի պետ Վ. Սահակյանի հանձնարարականով ոստիկանները նույնպես արձանագրել են դեպքը և հիմա սպասում են ճշտելու՝ քանի ոչխար և մայրացու գառներ են սատկել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։