Լրահոս
Միջազգային
17:00
14.03.26
99

Սլովենիայի վարչապետը հայտարարել է, որ ընդդիմության հաղթանակի դեպքում երկիրը «կմիանա Օրբանին»

Img default alt hy

Սլովենիան կարող է միանալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած՝ Բրյուսելի հակառակորդների ճամբարին, եթե մարտի 22-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթի ընդդիմությունը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման պնդմամբ հանդես է եկել հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբը Delo թերթին տված հարցազրույցում։

«Սլովենիան ցանկանում է ավելի հզոր միասնական շուկա իր տնտեսության համար։ Նա նաև ցանկանում է անվտանգության ավելի միասնական եվրոպական մեխանիզմներ», - նշել է Սլովենիայի վարչապետը։ «Եվրոպայում շատերն լրջորեն վախենում են, որ Սլովենիան կմիանա Օրբանի ճամբարին, այսինքն՝ եթե հաջորդ վարչապետը դառնա [ընդդիմության առաջնորդ] Յանեզ Յանշան», - ընդգծել է Գոլոբը։

Սլովենիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ «պարտադիր չէ, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները կոնսենսուսով որոշումներ կայացնեն» յուրաքանչյուր կարևոր տնտեսական հարցի շուրջ։ «Պարզապես նրանք, ովքեր ցանկանում են ավելի սերտ համագործակցել, կարող են քայլ առաջ անել, մինչդեռ մյուսները կմիանան ավելի ուշ կամ ընդհանրապես չեն միանա», - նշել է նա։

Սլովենիայի Պետական ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) հերթական ընտրությունները կկայանան մարտի 22-ին։ Պետական ժողովը կազմված է 90 պատգամավորից։ Կառավարող մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 46 պատգամավորի աջակցությունը։ Կուսակցությունները պետք է հաղթահարեն 4%-ի շեմը՝ ստորին պալատ մուտք գործելու համար։

Մարտի 11-ին Siol պորտալի հրապարակած սոցհարցումների տվյալներով՝ ընտրողների շրջանում հանրահայտությամբ առաջին տեղը զբաղեցնում է ընդդիմադիր Սլովենական դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ)՝ Յանշայի գլխավորությամբ (22,9%), երկրորդ տեղում Սլովենիայի վարչապետի «Ազատություն» կառավարող շարժումն է (19,5%)։ ՍԴԿ նախկին անդամ և Սլովենիայի արտաքին գործերի նախկին նախարար Անժե Լոգարի «Դեմոկրատներ» կուսակցությանն աջակցում է հարցվածների 9,6%-ը։ 

Իշխող կոալիցիայում «Ազատության» գործընկերները՝ հանձին «Սոցիալ-դեմոկրատների» և «Ձախեր» ու Vesna կուսակցությունների միասնական ցուցակի, վայելում են էլեկտորատի համապատասխանաբար 7,8% և 6,3%-ի աջակցությունը։ Շեմը նախնական տվյալներով հաղթահարում են նաև «Նոր Սլովենիա - Քրիստոնյա դեմոկրատներ», Սլովենական ժողովրդական կուսակցություն և Fokus կուսակցությունների աջակողմյան կենտրոնամետ բլոկը (5,5%)՝ եվրոսկեպտիկ Resnica («Ճշմարտություն», 4,9%) կուսակցության հետ մեկտեղ։ Ընդ որում, հարցվածների 8,9%-ը դեռևս չի կողմնորոշվել իր ընտրության հարցում։