Լրահոս
Միջազգային
11:17
17.03.26
266

Ռուբիոն հրահանգել է ԱՄՆ դիվանագետներին ճնշում գործադրել այլ երկրների կառավարությունների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC News

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արտերկրում գտնվող ամերիկյան դիվանագիտական հաստատությունների աշխատակիցներին հանձնարարել է ճնշում գործադրել տեղական կառավարությունների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ Իսլամական Հանրապետության կողմից ենթադրյալ «հարձակման բարձր ռիսկի» ֆոնին։ Ինչպես փոխանցվում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված գերատեսչական հեռագրին։

Համաձայն փաստաթղթի տեքստի, որը երկուշաբթի օրը ուղարկվել է ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին և հյուպատոսություններին, աշխատակիցները պետք է կոչ անեն պետությունների իշխանություններին «օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել Իրանի հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ» և կանխել ենթադրյալ «Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորումների հարձակումները» երկրների ու քաղաքացիների վրա՝ Իսլամական Հանրապետության և նրա կողմնակիցների կողմից «հարձակման բարձր ռիսկի» պայմաններում։ Այս թեզերը անհրաժեշտ է ներկայացնել «համապատասխան ամենաբարձր մակարդակով» մինչև մարտի 20-ը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեության վերաբերյալ բարձր մտահոգություն» խորագրով առաջադրանքի շրջանակներում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ը կարծում է, որ «համատեղ ճնշումն ավելի մեծ հավանականությամբ կստիպի [Իրանին] փոխել իր վարքագիծը», քան միակողմանի գործողությունները։ Պետքարտուղարությունում հստակեցրել են, որ այդ «քարոզչական ջանքերը» պետք է, ըստ կոնկրետ ներկայացուցչության հայեցողության, «համակարգվեն իսրայելցի դիվանագիտական գործընկերների հետ»։

Բացի այդ, ամերիկյան դիվանագիտական հաստատությունների աշխատակիցներին հրահանգվում է «օպերատիվ կերպով» կոչ անել տեղական կառավարություններին՝ ԻՀՊԿ-ն և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել ահաբեկչական կազմակերպություններ՝ ներկայացնելով լրացուցիչ փաստարկներ ի պաշտպանություն իրենց դիրքորոշման։ «Նման որոշումը կուժեղացնի ճնշումը իրանական վարչակարգի վրա և կսահմանափակի նրա հնարավորությունները՝ հովանավորելու ահաբեկչական գործունեությունն ամբողջ աշխարհում, որը վտանգի տակ է դնում ձեր բնակչության անվտանգությունը», — պնդում են հեռագրում։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորեց հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում էին Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը հայտարարեց լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի օբյեկտների վրա։ Հարվածների ենթարկվեցին նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվեցին Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իսլամական Հանրապետության ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։