Լրահոս
Քաղաքական
17:53
21.10.25
218

Ռուբենը ձերբակալվել է նրա համար, որ անտարբեր չէ իր ծննդավայր Գյումրիի, իր համաքաղաքացիների իրավունքների հանդեպ. «Մեր ձևով»

Img default alt hy

«Մեր ձևով» ժողովրդական շարժումն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն 24 Ժամ է՝ ձերբակալված է մեր գաղափարակից ընկերը՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։

Ռուբենը ձերբակալվել է նրա համար, որ անտարբեր չէ իր ծննդավայր Գյումրիի, իր համաքաղաքացիների իրավունքների հանդեպ։

Ռուբենը ձերբակալվել է նրա համար, որ սիրում է Հայաստանը, սիրում է իր Գյումրին։

Երեկ առավոտյան Ռուբենը գտնվում էր Երևանում։ Գյումրիում կատարվելիքը տեսնելուն պես իսկույն թողել է իր գործերը և շտապել հայրենի քաղաք՝ որպես իրավապաշտպան` բռնությունների ենթարկվող գյումրեցիներին իրավական աջակցություն ցույց տալու։

Ռուբենի ձերբակալությունը անօրինական է: Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, որ Ռուբենը մոտենում է քաղաքապետարանի մուտքի մոտ կանգնած ոստիկաններին, ներկայանում է որպես փաստաբան և խնդրում իրեն ներս թողնել, սակայն ոստիկանները նրան ներս չեն թողնում: Այսինքն` ոստիկանները տեղեկացված են լինում, որ Ռուբենը փաստաբան է: Դրանից հետո Ռուբենը ոստիկանների ներկայությամբ մի քանի անգամ ևս կրկնում է, որ նա փաստաբան է:

Համացանցում հրապարակված մի շարք այլ տեսանյութեր դիտելիս կարելի է տեսնել, որ Ռուբենը ձերբակալման պահին ձեռքերը պարզել էր վեր, ափերը`բաց։ Որպես իրավապաշտպան՝ Ռուբենը փորձում էր հանդարտեցնել վիճակը և փորձում բացառել բռնության անհամաչափ կիրառումը քաղաքացիների նկատմամբ։

Ռուբ ջա՜ն, քեզ հետ ենք ու սպասում ենք քեզ, մեր ուժեղ, ազնիվ, թասիբով ընկեր։

Բդի´էնէնք, Ռուբ ջան, Բդի´ էնէնք՝ մեր ձևով»։