Լրահոս
Զինված ուժեր
17:25
28.11.25
2 822

ՊՆ-ին 1 ամիս է պետք՝ պարզելու համար հայ զինվորներին ադրբեջանցիները ստուգո՞ւմ են, թե՞ ոչ

Img default alt hy


Համացանցում տարբեր գործիչներ վկայություններ են տալիս, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում կան հայկական դիրքեր, որտեղ բարձրանալիս հայ զինվորներին ստուգում են ադրբեջանցի զինված ծառայողները: Այս մասին հրապարակային հայտարարություններ են արել հանրային գործիչներ Արթուր Համբարձումյանն ու Ավետիք Քերոբյանը: 

Քերոբյանը մասնավորապես հայտարարել է. « «Ադրբեջանցի սահմանապահները հայկական սուվերեն տարածքում ստուգում են հայ զինվորներին մարտական հերթափոխի ժամանակ։ Ավելին՝ 2 հատ պահեստատուփից և 2 օրվա սննդից ավելի չեն թողնում։ Փաստացի այդ հենակետի/երի զինվորները պատանդ են և չեն կարողանում դուրս գալ, վերջիններիս պարտադիր ինչ-որ մեկը պետք է փոխարինի։ Խնդրի մասին տեղյակ է ՊՆ-ն և ոչինչ փաստացի չի ձեռնարկում»,- հայտարարել է ռազմական փորձագետ Ավետիք Քերոբյանը

«News.5tv.am»-ը պաշտոնական գրավոր հարցում է ուղարկել ՊՆ՝ հարցնելով.
1. Արդյոք գրառման մեջ նկարագրած իրավիճակը, մասնավորապես, որ ադրբեջանցի զինծառայողները ստուգում են հայ զինծառայողներին, համապատասխանո՞ւմ է իրականությանը:
2․ Պաշտպանության նախարարությունը տեղյա՞կ է նման խնդրի, եթե այո, ապա ինչպե՞ս է պատրաստվում լուծել այն:

Պաշտպանության նախարարությունից, սակայն, այս պարզ հարցերին չեն պատասխանել, փոխարենը մեկամսյա ժամկետ են խնդրել: Նշենք, որ «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքի համաձայն՝ մեկամսյա ժամկետ խնդրվում է, երբ լրացուցիչ հետազոտական աշխատանք պետք է կատարվի, տեղեկություններ հավաքագրվի, ինչի անհրաժեշտությունը մեր հղած հարցերի պարագայում վստահաբար չկա: