Լրահոս
Միջազգային
12:35
14.03.26
124

Մոլդովան ուժեղացնում է ճնշումը Մերձդնեստրի վրա. Անդրեյ Սաֆոնով

Img default alt hy

Մոլդովան ուժեղացնում է ճնշումը Մերձդնեստրի վրա, քանի որ Տիրասպոլը չի հանձնվում. նման կարծիք է հայտնել РИА Новости-ի հետ զրույցում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) Գերագույն խորհրդի պատգամավոր, արտաքին քաղաքականության և միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սաֆոնովը։

«Մերձդնեստրին ընկճել չի հաջողվում։ Մերձդնեստրցիները չեն հանձնվում, ինչը նշանակում է, որ նրանց նկատմամբ ճնշումը բազմապատիկ ուժեղանալու է։ Այդ մասին արդեն հայտարարվել է. նախատեսվում է հարկեր և ակցիզներ սահմանել ամենատարբեր ոլորտների համար՝ ներառյալ վառելիքաքսուքային նյութերը։ Իսկ դրա հետ մեկտեղ՝ ամբողջությամբ չեղարկել բոլոր արտոնությունները, որոնք երբևէ տրամադրվել են Մերձդնեստրին»,- ասել է Սաֆոնովը։

Մերձդնեստրցի պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուրբաթ օրը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Լիտվա կատարած այցի ժամանակ կրկին հայտարարել է, թե Եվրամիությանը սկզբում կարող է անդամակցել Մոլդովան, իսկ Մերձդնեստրի վերաինտեգրումը կարող է տեղի ունենալ ավելի ուշ։

«Սանդուի հայտարարությունը կարող է անուղղակի վկայություն լինել այն մասին, որ Քիշնևը հակված է ԵՄ-ին և նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ Ռումինիայի հետ միավորվելու միջոցով։ Այդ դեպքում Մերձդնեստրից ժամանակավորապես տարածություն պահելու ցանկությունը հասկանալի է և տրամաբանական՝ հաշվի առնելով մերձդնեստրցիների տրամադրվածությունը»,- կարծում է Սաֆոնովը։

Նա նաև գտնում է, որ Մոլդովայի դուրս գալը Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) նոր խնդիրներ կստեղծի Մերձդնեստրի տնտեսության համար։ Ըստ նրա՝ այդ կերպ Քիշնևի քաղաքական գործիչները ցանկանում են սնանկացնել Մերձդնեստրի գանձարանը և իրագործել Բրյուսելի հանձնարարականները՝ Ռուսաստանի հետ կապերի լիակատար խզման վերաբերյալ։
«Մերձդնեստրի խեղդման վտանգը մեծ է: Եվ այստեղ պետք է ամենայն անկեղծությամբ ասել. առանց ռուսական լայնածավալ օգնության՝ Դնեստրի ափին գտնվող հանրապետության վիճակը ծանր կլինի»,- հավելել է Սաֆոնովը:

2024 թվականի հունվարի 1-ից Քիշնևը չեղարկել է մաքսատուրքերի վճարման հարցում մերձդնեստրյան ընկերություններին տրամադրված արտոնությունները: Մերձդնեստրում դա որակել են որպես տնտեսական ճնշում և ի պատասխան չեղարկել են արտոնյալ ռեժիմը Դուբոսարի շրջանում հողատարածքներ ունեցող մոլդովացի ֆերմերների համար: Մոլդովան 2023 թվականի օգոստոսից թույլ չի տալիս արտահանել մերձդնեստրյան «Մոլդավիզոլիտ», «Էլեկտրոմաշ» և «Պոտենցիալ» գործարանների արտադրանքը՝ դրանք անվանելով ռազմավարական ապրանքներ և հայտարարելով, թե դրանց արտահանումն իբր սպառնում է երկրի անվտանգությանը: