Լրահոս
Հասարակական
17:11
08.06.26
410

Միայն մեկ կազմակերպություն 1000 ընտրախախտումի ահազանգ է ստացել. ինչ «գաղտնի ցուցակի» մասին է խոսքը

Img default alt hy

Ընտրական պրոցեսների փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ ընտրությունները բազմաթիվ խախտումներով են անցել ու ձայների վերահաշվարկի, ավելին՝ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն կա.

«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ԲՀԿ-ն շատ քիչ տարբերությամբ կարող է դուրս մնալ ու մանդատների բաշխմանը չմասնակցել, իսկ այդ քիչ թվով ձայների վրա ազդելու գործիքները շատ են եղել, և այդ փոքրիկ տարբերությունը կարող էր ուղղակի չլինել: Այս առումով ես կարծում եմ, որ այո, արժե, որ ընդդիմությունը գնա այդ ուղղությամբ, բողոքարկի, նույնիսկ դիմի մինչև Սահմանադրական դատարան, իսկ դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ համապատասխան փաստերը հավաքելու և դիմում ներկայացնելու համար»,- News.5tv.am-ի հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Փորձագետին հարցրինք՝ արդյոք ընտրախախտումները շատ և էական են եղել և ընտրությունների վրա որոշիչ ազդեցություն են ունեցել. « Երբ խոսում ենք խախտումների մասին, մարդիկ միշտ քվեարկության օրը խախտումների մասին են մտածում, և մոռանում են քարոզարշավի ընթացքում ու մինչև այդ տեղի ունեցած խախտումների մասին, որոնք ավելի էական նշանակություն են ունենում ընտրությունների համար, քան թե միայն տեխնիկական խախտումները, որոնք տեղի են ունենում քվեարկության օրը: Այս պարագայում, սակայն, երկու դեպքում էլ շատ խախտումներ են եղել: Քվեարկության օրը միայն մի դիտորդական առաքելությունը՝ «Արդար քվեն», ստացել է 1000-ից ավելի ահազանգ խախտումների մասին: Իսկ նախընտրական շրջանում այդ ուղղորդումները, վարչական ռեսուրսի կոպիտ ձևով օգտագործումը ակնհայտորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Մխիթարյանը:

Քվեարկության նախորդ օրվա՝ հունիսի 6-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 485 հազար 851։ Այնուհետև ԿՀԸ-ն հրապարակել է այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 996 ընտրող՝ 18145-ով ավելի։ Հետագայում պարզաբանեցին, թե «գաղտնի ցուցակ է»։ 

Ատոմ Մխիթարյանին հարցրինք, ի՞նչ է նշանակում գաղտնի ցուցակ. « Դա ինձ համար անհասկանալի է, և լավ կլինի, որ իսկապես պարզաբանում ներկայացվի, որովհետև մեկ օր առաջ ՆԳՆ-ն հայտնեց 2 մլն 485 հազարի մասին, բայց հետո ասացին, որ 2 միլիոն 503 հազար է, այսինքն՝ 18 հազարով ավելի, բայց թե դրանք ովքեր են, որտեղից հայտնվեցին, թե՞ մի գիշերվա մեջ 18 հազար մարդ չափահաս դարձավ, իրոք անհասկանալի է»,- ասաց Մխիթարյանը: