Լրահոս
Միջազգային
20:46
13.03.26
101

Մերցը կոչ է արել ԱՄՆ-ին «համոզիչ ծրագիր» մշակել Իրանի հետ հակամարտությունն ավարտելու համար

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին մշակել Իրանի հետ հակամարտության ավարտի ռազմավարություն և կրկին զգուշացրել է Իսլամական Հանրապետության պետականության կործանման վտանգի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նորվեգիա կատարած այցի ժամանակ նա հայտարարել է, որ «պատերազմի յուրաքանչյուր օրվա հետ ավելի շատ հարցեր են առաջանում, քան տրվում են պատասխաններ»: «Նախևառաջ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է համոզիչ պլան: Անհրաժեշտ է ռազմավարություն՝ ինչպես ավարտել այս պատերազմը»,- նրա խոսքերն է մեջբերում «DPA» գործակալությունը:

«Մենք շահագրգռված չենք անվերջ պատերազմով»,- պնդել է կանցլերը: «Իրանի տարածքային ամբողջականության, պետականության և տնտեսական կենսունակության կործանումը ամենալուրջ հետևանքները կունենար նաև մեզ համար»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, Մերցը կրկին դատապարտել է հարևան երկրների օբյեկտներին Իրանի հասցրած հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման, ինչպես նաև զգուշացումները Հորմուզի նեղուցի հնարավոր փակման վերաբերյալ: «Մենք դա դատապարտում ենք ամենախիստ կերպով»,— ասել է նա:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը: Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները: Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում: Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր: