Լրահոս
Միջազգային
10:13
22.04.26
345

Կալասը հայտարարել է, որ ԵՄ անդամ մեկ երկիր արգելափակում է Վրաստանի դեմ պատժամիջոցները

Img default alt hy

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիության 26 երկրներ պատրաստ են աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, սակայն միության անդամ մեկ երկիր արգելափակում է դրանք։

«Եթե հարցնում եք ընդհանուր տրամադրվածության մասին, ապա կարող եմ դրական պատասխան տալ։ Երբ մենք առաջ էինք մղում պատժամիջոցները, օրինակ՝ նրանց դեմ, ովքեր գործողություններ են իրականացնում ընդդիմության կամ ազատ լրատվամիջոցների դեմ, մեզ աջակցեց 26 երկիր, և միայն մեկը դեմ արտահայտվեց», - ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ այն բանից հետո, երբ 2024 թվականի մայիսին հանրապետության խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ 2024 թվականի վերջին վրացական օրենսդիր մարմինն ընդունեց նաև ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը (ԼԳԲՏ շարժումը ՌԴ-ում ճանաչված է ծայրահեղական և արգելված է)։ Այս երկու օրենքների պատճառով Արևմուտքում համարեցին, որ Վրաստանը շեղվել է եվրոպական արժեքներից և չի ընթանում Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով։ Դրանից հետո ԱՄՆ-ն և ԵՄ երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել վրացական իշխանության ներկայացուցիչների դեմ։

Արևմուտքի դժգոհությունն են հարուցել նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այդ ժամանակ հաղթանակ տարավ իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, սակայն ընդդիմությունը և նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում են ճանաչել քվեարկության արդյունքները։