Լրահոս
Միջազգային
18:36
18.04.26
250

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին

Img default alt hy

Իսրայելական զինուժը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի մի քանի շրջանների. հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը պնդում է, որ հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունն ընկած է «ահաբեկիչների» վրա, որոնց պատկանելությունը որևէ կազմակերպության հայտարարության մեջ չի հստակեցվում։

«Հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու պահից ի վեր (ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով 01:00-ին-խմբ.) Հարավային Լիբանանում «դեղին գծից» հարավ գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները արձանագրել են մի քանի միջադեպեր, որոնց ընթացքում ահաբեկիչները խախտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ «դեղին գծից» հյուսիսից մոտենալով Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներին և ստեղծելով անմիջական սպառնալիք», -նշվում է հաղորդագրության մեջ։

Զինվորականները հավելել են, որ դրանից հետո «սպառնալիքը վերացնելու նպատակով Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային զորքերի հետ համատեղ թիրախային հարվածներ են հասցրել ահաբեկիչներին»։ «Հրետանին կրակ է բացել տվյալ տարածքում գործող ցամաքային զորքերին աջակցելու համար, ինչպես նաև հարվածներ է հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում էին հարձակումներ նախապատրաստելու համար», -իրադարձությունների իրենց վարկածն են ներկայացրել մամուլի ծառայությունում։

Հայտարարության մեջ ոչ մի անգամ չի հիշատակվում շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը, որի զինված ջոկատների դեմ Հարավային Լիբանանում իրականացվում էր իսրայելական ռազմական գործողությունը։ Զինադադարի խախտման ողջ պատասխանատվությունը Իսրայելը դնում է անհայտ «ահաբեկիչների» վրա, իսկ իր գործողությունները համարում է ինքնապաշտպանություն՝ պայմանավորվածությունների շրջանակում։

«Իսրայելի պաշտպանության բանակը գործում է [իսրայելական] քաղաքական ղեկավարության ցուցումների համաձայն։ Այսպիսով, Իսրայելի պաշտպանության բանակն իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սպառնալիքներից ինքնապաշտպանվելու համար՝ միաժամանակ ապահովելով տվյալ տարածքում տեղակայված իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների անվտանգությունը։ Ինքնապաշտպանության և անմիջական սպառնալիքների վերացման նպատակով ձեռնարկվող գործողությունները չեն սահմանափակվում հրադադարի ռեժիմով»,- կարծում են զինվորականները։

Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են դադարեցնել կրակը։ Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել լիբանանցի գործընկեր Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնել են, որ 10-օրյա հրադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 01:00-ին։ Գրեթե անմիջապես լիբանանյան լրատվամիջոցները սկսեցին հաղորդել այն մասին, որ իսրայելական հրետանին շարունակում է Հարավային Լիբանանի գնդակոծությունները՝ չնայած հայտարարված զինադադարին։