Լրահոս
Տարածաշրջան
14:15
19.03.26
2 240

Իրանի վրա հարձակումները և պատասխան հարվածները սրել են իրավիճակը տարածաշրջանում․ Էրդողան

Img default alt hy

Իրանի վրա հարձակումները և դրանց ի պատասխան հասցված հարվածները սրել են իրավիճակը տարածաշրջանում, և Թուրքիան պահպանում է զգոնությունն ու որդեգրել է վճռական դիրքորոշում իր օդային տարածքի խախտումների վերաբերյալ։ Ինչպես փոխանցվում է ՏԱՍՍ-ը, այս մասին մուսուլմանական Իդ ալ-Ֆիտր տոնի առիթով ուղղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Փետրվարի 28-ին մեր հարևան Իրանի դեմ Իսրայելի նախաձեռնությամբ իրականացված հարձակումները, ինչպես նաև դրան հաջորդած Իրանի հրթիռային և անօդաչու պատասխան հարվածները երրորդ երկրների ուղղությամբ է՛լ ավելի են սրել լարվածությունը մեր տարածաշրջանում։ Առերեսվելով այս տագնապալի իրավիճակին և գիտակցելով մեր 86 միլիոն քաղաքացիների առջև ստանձնած պատասխանատվությունը՝ մենք երբեք չենք կորցնում զգոնությունը և ցուցաբերում ենք զգուշավորություն։ Մենք շատ վճռական դիրքորոշում ունենք մեր օդային տարածքը խախտող գործողությունների նկատմամբ և շարունակում ենք քայլեր ձեռնարկել մեր երկրի խաղաղության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- տեսաուղերձում հայտարարել է նախագահը։

Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ Էրդողանը նշել է, որ չնայած տոնին՝ «Իսրայելը շարունակում է հարձակվել հատվածի վրա՝ խախտելով հրադադարի ռեժիմի պայմանները»։ «Օկուպացիայի և ավերածությունների քաղաքականությունը ողջ թափով շարունակվում է Պաղեստինի տարբեր հատվածներում, հատկապես՝ Արևելյան Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև հարավային Լիբանանում»,- ասել է նա»։

Անդրադառնալով Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների դեմ պայքարի թեմային՝ Էրդողանը հայտարարել է, որ «Սիրիայի հյուսիսում հարցի խաղաղ կարգավորման շնորհիվ Թուրքիայի անվտանգային մտահոգությունները փարատվել են, իսկ Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ պահպանվել»։ Խոսքը սիրիական քրդական կազմավորումների մասին է, որոնց Անկարան համարում է սպառնալիք ազգային անվտանգությանը։ Խոսելով Թուրքիան «ահաբեկչությունից ազատելու» գործընթացի մասին՝ նախագահը հիշեցրել է, որ խորհրդարանում այս հարցով «գործողությունների համապարփակ պլան է ներկայացված»։ Նաև, նրա խոսքով, «անհապաղ քայլեր կձեռնարկվեն» Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) լուծարման ուղղությամբ։

Բացի այդ, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նավթի և բնական գազի գների չափազանց մեծ աճը չխոչընդոտի գնաճի (ինֆլյացիայի) դեմ պայքարին։