Լրահոս
Տարածաշրջան
09:52
17.03.26
376

Իրանի նոր Գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին ողջ-առողջ է և շուտով հանդես կգա նոր ուղերձով. Էսմայիլ Բաղայի

Img default alt hy

Իրանի նոր Գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին լավ վիճակում է և մոտ ժամանակներս կարող է հանդես գալ նոր ուղերձով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Էսմայիլ Բաղային։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»,-ասել է Բաղային NDTV հեռուստաալիքին։

«Դուք արդեն լսել եք նրա ուղերձի մասին, և, հուսով եմ, շատ շուտով նա մեկ այլ ուղերձով կդիմի հանրությանը»,-ընդգծել է Իրանի ԱԳՆ փոխղեկավարը։

Նա նշել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը «Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմ է»։ «Իրանցիները վճռական են տրամադրված պաշտպանելու իրենց հայրենիքը, և հենց դրանով էլ մենք հիմա զբաղված ենք»,- նշել է Բաղային։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի օբյեկտների վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։

Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։ Իրանի Իսլամական Հանրապետության Փորձագետների խորհուրդն ավելի ուշ հայտնեց Մոջթաբա Խամենեիին երկրի նոր Գերագույն առաջնորդ ընտրելու մասին։