Լրահոս
Միջազգային
11:45
28.03.26
283

Իրանի հետ հակամարտությունը կտևի ևս 2-4 շաբաթ․ Ռուբիո

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կտևի ևս երկուսից չորս շաբաթ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ռուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ-ը մոտ է Իրանի հետ լուրջ բանակցություններ սկսելուն։ Նա հավելել է, որ առայժմ ամերիկացիները Թեհրանի հետ շարունակում են հաղորդակցվել միջնորդների միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելը։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Մարտի 11-ին Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով, որով անցնում է համաշխարհային նավթի արտահանման մոտ մեկ հինգերորդը, տեղափոխել որևէ նավթային բեռ, որն առնչություն ունի Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների հետ։