Լրահոս
Միջազգային
12:45
28.10.25
78

Հորդանան գետի Արևմտյան ափի հարցում Իսրայելի պլանները հակասում են միջազգային իրավունքին. ԵՄ

Img default alt hy

Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, Հորդանանի Արևմտյան ափն Իսրայելին միացնելու վերաբերյալ առաջարկության նախնական հաստատումը միջազգային իրավունքի խախտում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի ներկայացուցիչ Անվար ալ Անունին։

«Եվրամիությունը հին ավանդույթ ունի՝ չճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն օկուպացված պաղեստինյան տարածքների վրա՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հիմնվելով 1967 թվականի սահմանների վրա», - մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա նաև անօրինական է անվանել Արևմտյան ափի բռնակցումը։

«Այսինքն՝ մենք կարծում ենք, որ նման բռնակցումն անօրինական է՝ ըստ միջազգային իրավունքի։ Ցանկացած առաջխաղացում այս տարածքում որակում ենք որպես միջազգային իրավունքի խախտում», - ասել է Կալասի ներկայացուցիչը։ 

Հոկտեմբերի 22-ին Քնեսեթում նախնական ընթերցմամբ հավանության արժանացած առաջարկությունը, որը նախատեսում է Իսրայելի ինքնիշխանության տարածում Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքի վրա, քննադատել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ այն համարելով անտեղի։ 

«Արևմտյան ափն Իսրայելի կողմից չի բռնազավթվելու։ Սա կմնա որպես մեր դիրքորոշում, և եթե որևէ մեկը ցանկանում է խորհրդանշական քվեարկություններ անցկացնել, ապա նրանք կարող են, բայց դա, միանշանակ, մեզ չի գոհացնում», - հայտարարել էր Վենսը։