Լրահոս
Միջազգային
23:50
13.03.26
163

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց ռուսական գազի և նավթի․ Օրբան

Img default alt hy

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ առանց ռուսական գազի և նավթի հնարավոր չի լինի հաղթահարել Եվրոպայում տիրող ներկայիս էներգետիկ ճգնաժամը, իսկ Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված ԵՄ ռազմավարությունը ձախողվել է։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք նա հայտնել է գերմանական Welt am Sonntag թերթի համար գրված հոդվածում։

«Ամերիկան արդեն բանակցում է Ռուսաստանի հետ և կրկին թույլ է տվել Հնդկաստանին ռուսական նավթ ներկրել։ Բրյուսելը, ընդհակառակը, չի էլ ուզում լսել ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցների կասեցման մասին»,- նշել է Օրբանը։ «Սակայն առանց շահավետ ռուսական նավթի և գազի մենք չենք կարողանա հաղթահարել այս ճգնաժամը»,- համոզված է նա։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանին մեկուսացնելու և անընդհատ նոր պատժամիջոցներ ընդունելով տնտեսապես ծնկի բերելու հայեցակարգը չհանգեցրեց [Ուկրաինայում] մարտական գործողությունների դադարեցմանը»,- մատնանշել է Հունգարիայի վարչապետը։ Նա հիշեցրել է, որ «այս եվրոպական ռազմավարության իրականացումը, որն ուղեկցվում էր Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից հրաժարմամբ», շարունակվել է նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, դադարեցրեց Կիևին ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
«Այս եվրոպական ռազմավարության ձախողումը պետք է շատ հարցեր առաջացնի, հատկապես հիմա, երբ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո իրավիճակը սրվել է, և մեր եվրոպական մրցունակությունը կրկին զգալիորեն տուժում է»,- շարունակել է Օրբանը։ Նա զգուշացրել է Եվրոպայում «միլիոնավոր աշխատատեղերի» կորստի վտանգի մասին։

Հունգարիայի վարչապետը նշել է, որ եվրոպական երկրների քաղաքացիներն արդեն չորս տարի է՝ համակերպվում են այս իրավիճակի հետ։ «Նրանք հանդուրժում են էներգակիրների գների աճը, հանդուրժում են բենզինի և դիզելային վառելիքի մշտապես աճող գները և հանդուրժում են, երբ անհնարին հաղթանակով պատերազմի զոհասեղանին կործանվում է Եվրոպայի երբեմնի հզոր արդյունաբերությունը»,- գրում է նա իր հոդվածում։