Լրահոս
Միջազգային
11:24
21.04.26
145

ԵՄ-ում աչք են փակում Սանդուի կողմից Մոլդովայում իրականացվող չարաշահումների վրա․ Ֆիլատ

Img default alt hy

Եվրամիության ղեկավարությունն աչք է փակում Մոլդովայում նախագահ Մայա Սանդուի և նրա «Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցության կողմից իրականացվող չարաշահումների վրա։ Այս մասին հայտարարել է արևմտամետ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, որի կառավարությունը 2014 թվականին ստորագրել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։

«Ցավոք, 2026 թվականին Եվրոպան այլևս այն չէ, ինչ նախկինում էր։ Մենք չենք կարող համաձայնել եվրոպական ինստիտուտների կողմից վարվող որոշակի քաղաքականության հետ, որը, մեր կարծիքով, աչք է փակում Մոլդովայում տեղի ունեցող չարաշահումների վրա։ Որքան հաճախ են ասում, թե մենք մոտ ենք Եվրամիությանը, այնքան ավելի է թվում, որ մենք հեռանում ենք այդ արժեքներից։ Արդարադատությունն ավելի ու ավելի է ենթարկվում քաղաքականությանը, իսկ արտահայտվելու ազատությունը խիստ սահմանափակվում է», - ասել է Ֆիլատը ֆրանսիական Omerta հրատարակությանը տված հարցազրույցում։

Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպան պետք է վերադառնա իր արժեքներին։ «Այսօր բացակայում է արտաքին քաղաքականության և տնտեսության վերաբերյալ համոզիչ ընդհանուր դիրքորոշումը։ Եվրոպան տուժել է նաև տնտեսական տեսանկյունից, հատկապես էներգետիկ խնդիրների պատճառով», - նշել է քաղաքական գործիչը։

Մոլդովան ծանր տնտեսական ճգնաժամ է ապրում Սանդուի և նրա կուսակցության իշխանության գալուց հետո, որոնք որդեգրել են Ռուսաստանի ու ԱՊՀ-ի հետ հարաբերությունների խզման և ԵՄ-ին ինտեգրվելու կուրս։ Երկրում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ Սանդուի և նրա կառավարության հրաժարականի պահանջով, որոնց մասնակիցները իշխանություններին պատասխանատու են համարում գների բազմապատիկ աճի և աղքատության մակարդակի բարձրացման, կոռուպցիայի ու, ի հեճուկս սահմանադրությամբ ամրագրված չեզոքության, երկրի ռազմականացման համար։

Ի պատասխան՝ Սանդուն մեղադրել է ընդդիմությանը պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ, ոստիկանությունը դաժանորեն ցրել է բողոքի ցույցերը, իսկ իշխանությունները որոշում են կայացրել փակել տասնյակ լրատվամիջոցներ, որոնք խոսքի իրավունք էին տրամադրում ընդդիմադիրներին։

Նախագահի նախաձեռնությամբ ստեղծվել է Ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը՝ «Պատրիոտ» անվանումով, որի աշխատանքը, ըստ Սանդուի, ուղղված է Ռուսաստանի դեմ պայքարին (որին հանրապետության իշխանությունները մեղադրում են տեղեկատվական գրոհների մեջ), ինչպես նաև այն «հայրենիքի դավաճանների» դեմ, որոնք հանդես են գալիս իշխանությունների՝ եվրոինտեգրման կուրսի դեմ։ Երկրում քրեական գործեր են հարուցվել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների նկատմամբ, որոնցից մի քանիսն արգելվել են, ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ։