Լրահոս
Քաղաքական
20:53
23.05.26
490

Էջմիածինը պետք է դառնա համայն քրիստոնյա աշխարհի Վատիկանը կամ Երուսաղեմը․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Մայիսի 23-ին Վաղարշապատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությունների քաղաքականությունը։ Թեկնածուի խոսքով՝ իշխանությունը փորձում է հայրենիքի հասկացությունը սահմանափակել միայն երեք միլիոնով՝ արհեստականորեն կտրվելով Սփյուռքից և Ռուսաստանի հետ դարավոր կապերից։

Կարապետյանը նշել է, որ իշխանության անհեռատես քայլերի հետևանքով Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումները աղետալի են գյուղատնտեսության համար. «Ջերմոցները պարապուրդի են մատնված, ֆերմերները չեն կարողանում իրացնել բերքը։ Ծաղիկներից հետո հարվածի տակ կհայտնվեն նաև մնացած արտադրողները, ինչը կհանգեցնի գյուղերի սնանկացման և տնտեսության կործանման»։

Նա անդրադարձել է նաև հոգևոր կենտրոն Էջմիածնի դերին՝ ընդգծելով, որ երկրի ղեկավարությունը պետք է անհապաղ դադարեցնի եկեղեցու դեմ պայքարը։ Բարերար Սամվել Կարապետյանի հետ համատեղ մշակված ծրագրի շրջանակներում նա առաջարկել է Վաղարշապատին շնորհել կրոնական կենտրոնի հատուկ կարգավիճակ։

«Էջմիածինը պետք է դառնա համայն քրիստոնյա աշխարհի Վատիկանը կամ Երուսաղեմը՝ ապահովելով կրոնական տուրիզմի մեծ հոսքեր», - հայտարարել է նա։

Եզրափակելով ելույթը՝ Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված և ուժեղ ղեկավարություն՝ կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել առաջիկա ընտրություններին և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի (թիվ 3) օգտին։