Լրահոս
Միջազգային
11:28
19.03.26
1 996

Բրյուսելի և Բուդապեշտի դիմակայությունը. ԵՄ-ն Օրբանի դեմ իրավական գործընթաց է նախապատրաստում

Img default alt hy

Եվրամիությունը պատրաստվում է լուրջ դիմակայության Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ Կիևին Եվրահանձնաժողովի կողմից 90 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման հատկացումը Բուդապեշտի կողմից արգելափակելու պատճառով։ Մասնավորապես, հնարավոր է դատական հայց ներկայացվի հունգարացի առաջնորդի դեմ։ Այս մասին հայտնել է Politico թերթը։

Հրատարակության պնդմամբ՝ միությունը մինչ օրս խուսափել է Հունգարիայի ղեկավարության հետ «խոշոր առճակատումից», սակայն այդ «զգուշավոր հաշվարկը» կարող է լիովին փոխվել ապրիլի 12-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ Օրբանի վերանշանակման դեպքում։ Բուդապեշտի դեմ վճռական միջոցներ ձեռնարկելու հավանականությանն է մատնանշել, մասնավորապես, Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսիկա Ռուսենկրանցը։ Պատասխանելով Politico-ի հարցին՝ Ստոկհոլմի կողմից Հունգարիայի դեմ իրավական գործիքների կիրառման հնարավորության մասին (ներառյալ ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածի կիրառումը՝ Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու համար), նա հայտարարել է. «Անշուշտ, մենք բաց ենք դրա համար»։

Եթե Օրբանը վերընտրվի, «մի խումբ երկրների միջև լուրջ խոսակցություն տեղի կունենա այն մասին, թե ինչպես գործել ապագայում», տեղեկացրել է եվրոպացի դիվանագետներից մեկը։ Նրա մյուս գործընկերների խոսքով՝ արդեն իսկ դիտարկվում են նաև այլ իրավական տարբերակներ, ինչպիսիք են ԵՄ ֆինանսավորման կապումը իրավունքի գերակայության պահպանման է՛լ ավելի խիստ պայմանների հետ, ինչպես նաև դատական հայցի ներկայացումն ընդդեմ Օրբանի՝ Ուկրաինային վարկի տրամադրմանը «խոչընդոտելու համար»»։
«ԵՄ-ի կողմից 2026 և 2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի հատկացումը (60 միլիարդը՝ զենքի, իսկ 30 միլիարդը՝ բյուջետային կարիքների համար) համաձայնեցվել էր միության գագաթնաժողովում 2025 թվականի դեկտեմբերին։ Այս ծրագիրը պատրաստվել էր որպես այլընտրանք ռուսական շուրջ 200 միլիարդ եվրոյի ակտիվների բռնագրավման և դրանք Ուկրաինայում հակամարտության ֆինանսավորման համար օգտագործելու ձախողված մտադրությանը։

Բուդապեշտը և Բրատիսլավան փետրվարին արգելափակեցին Կիևի ֆինանսավորումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը։ Մինչ այդ Եվրահանձնաժողովը չորս շաբաթ հրաժարվում էր քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ուկրաինային վերսկսել ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» նավթամուղով դեպի Հունգարիա և Սլովակիա։ Կիևը դադարեցրել էր տարանցումը հունվարի 27-ին՝ պնդելով, թե խողովակաշարը իբր վնասվել է անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Հունգարիան և Սլովակիան հրապարակավ մեղադրեցին Ուկրաինային ստելու մեջ։

Հունգարիայի վարչապետը հավաստիացրել է, որ վետոն չի չեղարկվի, և ինքը թույլ չի տա Ուկրաինային «ռազմական վարկ» տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի վերսկսել ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։ «Մենք մեկնում ենք Բրյուսել, որտեղ ստիպված ենք լինելու դաժան պայքար մղել, քանի որ եվրոպացիները ցանկանում են ուկրաինացիներին 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել, ինչի հետ մենք չենք համաձայնի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել այն, ինչ մեզ հասնում է»,-տեսաուղերձում նշել է Օրբանը։