Լրահոս
Միջազգային
12:19
19.03.26
2 076

Արաղչին քննադատել է Մակրոնին՝ Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումների վերաբերյալ դիրքորոշման համար

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խիստ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների վերաբերյալ վերջինիս դիրքորոշման պատճառով։

«Մակրոնը ոչ մի բառով չդատապարտեց Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ վերջինս պայթեցրեց Թեհրանի վառելիքի պահեստարանները՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցությանը,- X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։- Նրա ներկայիս «մտահոգությունը» պայմանավորված է ոչ թե մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմամբ, այլ մեր պատասխան գործողություններով։ Եվ սա ցավալի է»։

Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ քննարկել է Կատարի գազային ենթակառուցվածքներին հասցված իրանական հարվածները՝ հայտարարելով քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու նկատմամբ մորատորիում սահմանելու անհրաժեշտության մասին։

Մարտի 18-ին Իրանի Բուշեր նահանգի Ասալույե շրջանի վարչակազմի ղեկավարը հայտնել էր, որ «Հարավային Փարս» հանքավայրի մի քանի օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս կապակցությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի նավթագազային ոլորտի օբյեկտների վրա հարձակվելու մտադրության մասին։