Լրահոս
Աշխարհ
14:00
19.03.26
1 886

ԱՄՆ-ի պետական ​​պարտքն առաջին անգամ գերազանցել է 39 տրիլիոն դոլարը

Միացյալ Նահանգների պետական ​​պարտքի չափն առաջին անգամ գերազանցել է 39 տրիլիոն դոլարի նշագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները:

Գերատեսչության՝ մարտի 19-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի համախառն պարտքը հասել է գրեթե 39,02 տրիլիոն դոլարի։

38 տրիլիոն դոլարի մակարդակը հաղթահարվել է մոտավորապես հինգ ամիս առաջ՝ 2025 թ. հոկտեմբերի վերջին, նշում են ամերիկյան լրատվամիջոցները։ 37 տրիլիոն դոլարի նշագիծը գերազանցվել է 2025 թ. օգոստոսի կեսերին։

Կոնգրեսի բյուջետային վարչությունը (CBO) փետրվարին կանխատեսել էր, որ ԱՄՆ-ի պետական ​​պարտքը 2036 ֆինանսական տարում կհասնի 56,15 տրիլիոն դոլարի (ՀՆԱ-ի 120%-ը)։ 2025 ֆինանսական տարվա 30,17 տրիլիոն դոլար պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 99%-ը։

Դրա հետ մեկտեղ 2030 թվականին պարտքի չափը կհասնի ՀՆԱ-ի 108%-ին և կգերազանցի ՀՆԱ-ի 106% նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 1946 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։