Լրահոս
Միջազգային
18:58
24.06.25
158

Թրամփի հետ «կոշտ» զրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնում Իրանի վրա հետագա հարվածներից

Img default alt hy

Իսրայելական բանակը հարվածել է Թեհրանի մոտակայքում գտնվող ռադարային կայանին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ վաղ առավոտյան հրթիռի արձակման, որը Իսրայելը հրադադարի խախտում է համարել, հայտնել են իսրայելցի պաշտոնյաները։

Իրանի գլխավոր շտաբը նախկինում հայտարարել էր, որ հրադադարի հայտարարումից ի վեր իրանցիները հրթիռային հարված չեն հասցրել Իսրայելի տարածքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրադադարը խախտելու մեջ մեղադրել է և՛ Իրանին, և՛ Իսրայելին, ասել է, որ դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից, և երկու կողմերին էլ կոչ է արել հանդարտվել։

Ըստ Թրամփի՝ Իսրայելի և Իրանի միջև հրադադարն այժմ «ուժի մեջ է»։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնացել հետագա հարվածներից», — հայտնել է Նեթանյահուի գրասենյակը, հաղորդում է BBC-ն։

Իր հերթին Axios-ը հաղորդում է, որ Սպիտակ տան աղբյուրը հայտնել է, որ Թրամփը Նեթանյահուի հետ խոսել է «խիստ և ուղիղ»՝ դեմ լինելով Իսրայելի կողմից Իրանին հարվածելուն։

«ԱՄՆ նախագահը Նեթանյահուին ասել է, թե ինչ պետք է անել հրադադարը պահպանելու համար։ Վարչապետը հասկացել է իրավիճակի լրջությունը և նախագահ Թրամփի կողմից արտահայտած մտահոգությունները», — ասել է աղբյուրը։

Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը «խորը գնահատանք է հայտնել Իսրայելին, որը հասել է իր բոլոր պատերազմական նպատակներին։ Նա նաև վստահություն է հայտնել հրադադարի կայունության նկատմամբ»։