Լրահոս
Միջազգային
23:46
28.03.26
404

Օրբանը մեղադրում է ուկրաինական կողմին ընդդիմության հետ համագործակցելու մեջ

Img default alt hy

Հունգարիայի քաղաքացին հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և գործել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության շահերից ելնելով՝ երկրում ապրիլի 12-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով ազգային հեռուստաալիքներով հեռարձակված տեսանյութը, որտեղ հարցաքննվում է Հունգարիայի անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՏՏ մասնագետը։

«Հարցեր այլևս չկան։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը խոստովանել է, որ հավաքագրվել է ուկրաինացիների կողմից։ Նրա ցուցմունքները հրապարակային են, դրանք կարող է լսել յուրաքանչյուր ոք։ Հունգարական հակահետախուզությունն արել է այն, ինչ պետք է աներ։ Մենք պաշտպանելու ենք Հունգարիայի խաղաղությունն ու անվտանգությունը»,- Facebook-ում գրել է Օրբանը։

Վերջին օրերին Հունգարիայի կառավարությունը հրապարակել է ապացույցներ երկրի տարածքում ուկրաինական հետախուզության աշխատակիցների և գործակալների ներկայության մասին, որոնք փորձում են պետական գաղտնիքներ ձեռք բերել և գործում են ի շահ քաղաքական ընդդիմության։ Մասնավորապես, հայտնի է դարձել ուկրաինացիների կողմից ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի բջջային հեռախոսը լսելու փորձերի, ինչպես նաև «Տիսա» կուսակցության աշխատանքներում նրանց գործակալների մասնակցության մասին։

Մարտի 26-ին Օրբանը Վլադիմիր Զելենսկուց պահանջել է անհապաղ հեռացնել երկրից Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հունգարիայում ընտրությունները երբևէ նման մասշտաբի օտարերկրյա միջամտության չեն ենթարկվել։

Խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով կձևավորվի երկրի նոր կառավարությունը, Հունգարիայում նշանակված են ապրիլի 12-ին։ Օրբանի գլխավորած «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը ընտրողների ձայների համար կատաղի պայքար է մղում ընդդիմադիր «Տիսա» կուսակցության դեմ։ Վերջինիս առաջնորդ, եվրապատգամավոր Պետեր Մադյարը վայելում է Եվրամիության ղեկավարության աջակցությունը։