Լրահոս
Իրավական
11:21
21.11.25
514

Դանիել Իոաննիսյանի մի «պատվերը» կատարվել է, մնում է Ղուկասյանին խցում խոշտանգեն

Img default alt hy


Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու նրա որդուն հերթական մեղադրանքներն է առաջադրվել, նրանք մեղադրվում են դատարանի դահլիճում խուլիգանություն անելու մեջ, ավելի կոնկրետ՝ իբրև թե սեռական բնույթի հայհոյանք են հնչեցրել: Վարդան Ղուկասյանը նիստի ավարտին ասել էր՝ «Ով, որ ինձ կաշառքի մեջ է մեղադրում, իրա մորն ու քրոջը վատ բան է արել», Ղուկասյանի որդին էլ նիստերից մեկի ժամանակ ասել էր.. «իրենց կնգտիք թող պատրաստվին»:

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանին հարցրինք, թե ինչ դիրքորոշում ունի առաջադրված մեղադրանքների վերաբերյալ. « Էդ տեսագրությունները ամբողջ համացանցում կան, ասում են՝ Սպարտակ Ղուկասյանը կատարել է սեռական բնույթի հայհոյանք, ամբողջ տեսագրությունները նայում ենք, մի հատ սեռական բնույթի հայհոյանք չկա: Հիմա, թե որտեղից են նրանք գտել այդ սեռական բնույթի հայհոյանքները՝ չգիտեմ: Երկրորդը՝ այդ ամենը, որն իրենք որպես խուլիգանություն են դիտարկում, տևել է մի քանի վայրկյան, րոպեն չի գերազանցել, խուլիգանություն այդ իրավիճակում դժվար է պատկերացնել, առավել ևս, որ դատական նիստը ավարտվել էր արդեն»,- ասաց Հայրապետյանը:

Օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը դատախազներին ուղղորդող գրառում էր արել: Նա գրել էր․ 

« Վարդան Ղուկասյանը իրեն կաշառի մեջ մեղադրողին (ըստ էության՝ դատախազին) մայր ու ընտանիք է քրֆում: Հարց, ի՞նչ պետք է անի այդ դատախազը կամ իր գործընկերները՝
1. Քրեական գործ հարուցեն (ՔՕ 490 հոդվածով),
2. Բանտախցում խոշտանգեն
3. Ոչինչ չանեն, քանի որ «խոսքի համար չի կարելի դատել»»: Արամայիս Հայրապետյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում՝ Դանիել Իոաննիսյանի գրառումը ազդեցություն ունեցե՞լ է.

«Մենք լրջագույն կասկած ունենք, որ ոչ միայն ազդեցություն է ունեցել, այլ միջնորդավորված ցուցում է եղել: Հիմա առաջին մասով ցուցումը կարծես թե կատարվեց, հիմա մենք երևի միջոցներ պետք է ձեռնարկենք, որ երկրորդ մասով չկատարվի, որ բանտախցում չխոշտանգեն՝ հատկապես հաշվի առնելով նրա բանտախցի պայմանները, հաշվի առնելով նրա առողջական վիճակը և դրա պատշաճ հետևման համար ստեղծվող խոչընդոտները, հավանաբար 2-րդ մասի սցենարներ են նախապատրաստում»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց պաշտպանը: