Լրահոս
Միջազգային
23:34
31.03.26
152

ԱՄՆ-ն «Ջորջ Բուշ» ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

Img default alt hy

«Ջորջ Բուշ» (USS George H.W. Bush) ավիակիրը՝ հարվածային խմբի գլխավորությամբ, դուրս է եկել Վիրջինիա նահանգի Նորֆոլկ նավահանգստից՝ ԱՄՆ նավատորմերի պատասխանատվության գոտիներում անվտանգության ապահովման և դաշնակիցների հետ համագործակցության խնդիրներ իրականացնելու համար. ասված է ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնական հայտարարության մեջ։

««Ջորջ Բուշ» ավիակրային հարվածային խումբը հեռացել է Նորֆոլկից՝ 2026 թվականի մարտի 31-ին նախատեսված տեղակայման համար»,- նշված է հայտարարության մեջ։

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, «Ջորջ Բուշը» կուղևորվի Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ ուղղված «Էպիկական կատաղություն» (Epic Fury) ռազմական գործողությանը աջակցելու համար։ Ուժերի այս տեղափոխումն իրականացվում է «Ջերալդ Ֆորդ» ավիակրի հետ կապված միջադեպի ֆոնին, որի տախտակամածին ավելի վաղ խոշոր հրդեհ էր բռնկվել։ Ներկայումս «Ֆորդը» գտնվում է խորվաթական Սպլիտ նավահանգստում՝ վերանորոգման աշխատանքներ անցնելու համար։

Ավիակրային խմբի կազմում, որը կմեկնի մարտական հերթապահության, ներառված են «Ջորջ Բուշ» առաջատար ավիակիրը և «Արլի Բյորկ» դասի երեք էսմինեցներ՝ Նորֆոլկում տեղակայված «Ռոսը», ինչպես նաև «Դոնալդ Կուկը» և «Մեյսոնը», ընդ որում՝ վերջինս իրականացնում է միավորման հակաօդային և հակահրթիռային պաշտպանության առաջատարի գործառույթները. նշվում է ԱՄՆ ՌԾՈւ հայտարարության մեջ։