Լրահոս
Միջազգային
18:53
31.03.26
103

Պատժամիջոցների տակ գտնվող նավերը շարունակում են նավարկել Բրիտանիայի ջրերով․ Reuters

Img default alt hy

Անցած շաբաթվա ընթացքում առնվազն 25 «ստվերային նավատորմի» տանկերներ անցել են բրիտանական ջրերով՝ հակառակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի՝ պատժամիջոցների տակ գտնվող նավերը կալանավորելու սպառնալիքներին։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ թագավորության ջրերով անցած պատժամիջոցային նավերի թիվը անցած շաբաթվա ընթացքում մնացել է անփոփոխ՝ տարեսկզբից ի վեր միջին ցուցանիշների համեմատ։ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Դուգլաս Գիլֆոյլը հայտարարել է, որ, չնայած տանկերներին սև ցուցակում ներառելուն, բրիտանական կառավարությանը անհրաժեշտ է ունենալ ավելի լուրջ իրավական հիմքեր դրանք կալանավորելու համար։

Նրա խոսքով՝ նման հիմքեր կարող են լինել կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, որոնք ներկայումս չկան, կամ նավերի առգրավման դիտարկումը որպես «հակամիջոց»՝ ի պատասխան Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության, սակայն վերջին փաստարկը «նոր է և չստուգված»։ «Գոյություն ունեն խիստ սահմանափակ բացառություններ, որոնք կարող էին արդարացնել միջամտությունը տարանցիկ անցման կամ օտարերկրյա նավի անվնաս անցման իրավունքին՝ նույնիսկ այն նավի, որը հայտնվել է բրիտանական ինքնավար պատժամիջոցների գործողության տակ», - ընդգծել է Գիլֆոյլը։

Բրիտանական ռազմածովային ուժերի պաշտոնաթող սպա Ջեյմս Ֆենելի կարծիքով՝ պատժամիջոցների տակ գտնվող նավերի կալանավորման դեպքում Մեծ Բրիտանիան կհայտնվի «Ռուսաստանի հետ պատերազմին մեկ քայլ ավելի մոտ»։ «Կառավարությունը հույս ունի, որ սպառնալիքները կծառայեն որպես զսպող գործոն և կտան անհրաժեշտ արդյունքն առանց նավի վրա դեսանտ իջեցնելու պոտենցիալ ռիսկային գործողության թույլտվության», - ասել է նա։

Մարտի 25-ին Ստարմերը բրիտանական զինծառայողներին թույլտվություն է տվել թագավորության ջրերում կալանավորել այն նավերը, որոնք Լոնդոնը դասում է այսպես կոչված ստվերային նավատորմին։ Ինչպես հայտնել են բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակից, նավի կալանավորումից հետո դրա սեփականատերերի, օպերատորների և անձնակազմի նկատմամբ կարող են հարուցվել քրեական գործեր՝ պատժամիջոցների մասին բրիտանական օրենսդրությունը խախտելու համար։ Ընդգծվել է, որ իշխանությունները յուրաքանչյուր նավի նկատմամբ կիրառելու են անհատական մոտեցում։ Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել այսպես կոչված ստվերային նավատորմի 544 նավերի նկատմամբ, որոնք իբր կապված են ՌԴ-ի հետ։

Լոնդոնում ՌԴ դեսպանատանն ավելի վաղ թշնամական քայլ էին անվանել բրիտանական իշխանությունների՝ թագավորության ջրերում ռուսական նավերը զավթելու մտադրությունը։ Դիվանագիտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր գործիքները, այդ թվում՝ ասիմետրիկ, իր շահերը պաշտպանելու համար։