Լրահոս
Քաղաքական
11:32
31.03.26
447

Փաշինյանը նախընտրական զորահանդեսով խաբում է ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Օրեր առաջ վարչախմբի պարագլուխը հայտարարեց, որ մայիս ամսին կազմակերպելու է զորահանդես. Զորահանդեսը ինքնին կարևոր նշանակություն ունի, եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես քո ժողովրդի և բանակի մարտական ոգին բարձրացնելու համար։

Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե այդ զորահանդեսը կազմակերպում ես թշնամուն ուղերձ հղելու, որ ունեմ բանակ, պատրաստվածություն, սպառազինություն և երբեք չհամարձակվեք հարձակվել։ Բայց ակնհայտ է, որ այս ռեժիմը, ով ամեն օր թշնամով վախեցնում է սեփական ժողովրդին, ով մի քանի անգամ բանակին չկրակելու հրահանգ է տվել, այդ զորահանդեսը անում է այլ նպատակով, բացառապես սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն, մոլորեցնեն, թե իբր ձեր անվտանգությունը  ապահովված է և հետո անեն այն, ինչ արել են մինչև հիմա։ Սրա օրինակները բազմաթիվ են։

Հիշեցնեմ, 2019 թվական, երբ որ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի հետ նստել էր ՍՈՒ-30-ի ղեկին և վստահեցնում էր, ժողովուրդ ջան, մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն և ձեր անվտանգությունը այլևս ապահովված է։ Եվ ի՞նչ եղավ արդյունքում, 44-օրյա պատերազմի ժամանակ այդ սուերը այդպես էլ օդ չբարձրացան, որովհետև պարզվեց հրթիռ չունեն։

44-օրյա պատերազմի ժամանակ պարզվեց մեր զենքերից շատերը չաշխատեցին, հետևաբար կարևոր է ոչ միայն սպառազինությունը, այլ նաև կարևոր է նախ ճիշտ սպառազինությունը և երկրորդ՝ ովքեր են ղեկավարում այդ բանակը։

Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակնհայտ է ամեն ինչ, նույնիսկ ՆԱՏՕ-ի միացյալ զորքերը, եթե վստահես այս զույգին, պարտությունը երաշխավորված է, կապիտուլյացիան պատրաստ։ Հետևաբար այս ամեն ինչի նպատակը կրկին մեր ժողովրդին խաբելն է»։

Ավելին՝ տեսանյութում։