Լրահոս
Իրավական
20:01
03.04.26
170

Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից. ՆԳՆ

Img default alt hy

ՆԳ նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։

Նիստը նախագահել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանը։

Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ երեք ծառայողի նկատմամբ ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը: