Լրահոս
Միջազգային
15:52
02.04.26
422

Մակրոնն արձագանքել է Թրամփի՝ ՆԱՏՕ-ի մասին հայտարարություններին

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անդամակցության շուրջ հռետորաբանության չափազանց սրմանը և կոչ է արել համատեղ աշխատել հանուն կայունության՝ հակասական հայտարարություններ տարածելու փոխարեն։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ Կորեայի Հանրապետություն ժամանելուն պես։

«Եթե ամեն օր կասկածի տակ դնեք ձեր հանձնառությունը, ապա դա զրկում է այն իմաստից։ Երբ դուք միանում եք դաշինքին, դուք կատարում եք ձեր ստանձնած պարտավորությունները, դուք չեք վերանայում դրանք ամեն առավոտ, չեք հայտարարում, թե կանեք դա կամ չեք անի,- ասել է Մակրոնը։- Այնպես որ, ես մտադիր չեմ մեկնաբանել մեկնաբանությունները, ինձ թվում է, որ այդ մասին չափազանց շատ են խոսում և չափազանց շատ հակադիր կարծիքներ են հայտնվում»։

«Եթե ցանկանում եք լուրջ լինել, ապա ամեն օր չեք ասում այն ամենի հակառակը, ինչ ասել էիք նախօրեին։ Եվ, թերևս, պետք չէ խոսել ամեն օր, պարզապես հարկավոր է գործել, նվազեցնել լարվածությունը և կառուցել տևական խաղաղություն»,- հավելել է պետության ղեկավարը։

Ավելի վաղ Reuters-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ զզվանք է զգում ՆԱՏՕ-ի նկատմամբ և դիտարկում է ԱՄՆ-ի՝ դաշինքից դուրս գալու հարցը։ The Daily Telegraph թերթի հետ զրույցում ամերիկյան վարչակազմի ղեկավարը պարզաբանել էր, որ դիտարկում է ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի մասնակցության վերանայման հնարավորությունը, քանի որ դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ պատերազմում։ Նույն հարցազրույցում ամերիկացի առաջնորդը ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր» և խոստովանել, որ երբեք առանձնահատուկ համակրանք չի տածել այդ կազմակերպության նկատմամբ։