Լրահոս
Միջազգային
17:35
21.05.26
116

Լեհաստանն Իսրայելից պահանջել է ազատ արձակել Գազա ուղևորվող օգնության նավատորմի վրա գտնվող ակտիվիստներին

Img default alt hy

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաչեյ Վևիորը հայտարարել է, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը մտադիր է խնդրել երկրի ներքին գործերի նախարարությանը՝ արգելելու Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի մուտքը երկիր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Նախարար Սիկորսկին որոշել է դիմել Ներքին գործերի նախարարությանն՝ արգելելու նախարար Բեն-Գվիրի մուտքը Լեհաստանի Հանրապետություն՝ նրա գործողությունների պատճառով», - նշել է նա։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը մայիսի 21-ին հայտարարել է, որ կանչել է իր երկրում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Գազայի նավատորմի ակտիվիստների, այդ թվում՝ լեհ քաղաքացիների ձերբակալման կապակցությամբ՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակել և ներողություն խնդրել։

«Լեհաստանը վճռականորեն դատապարտում է Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների վարքագիծն Իսրայելի բանակի կողմից ձերբակալված «Գլոբալ Սումուդ» նավատորմի ակտիվիստների, այդ թվում՝ լեհ քաղաքացիների նկատմամբ»,- նշել է նա։

Մայիսի 19-ի երեկոյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ վերջին «Սումուդ» նավատորմի բոլոր նավերը կալանավորվել են, և ընդհանուր առմամբ ձերբակալվել է 430 պաղեստինամետ ակտիվիստ։

Եվրոպական մի շարք երկրներ իրենց բողոքն են հայտնել Իսրայելի ազգային անվտանգության նախարարի գործողությունների առնչությամբ՝ ընդհուպ պահանջելով նրա դեմ պատժամիջոցներ կիրառել։

Պատճառը Գազային օգնություն տանող «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութի հրապարակումն է նախարար Իտամար Բեն-Գվիրի կողմից։ Մասնավորապես, տեսանյութում երևում է, թե ինչպես են Իսրայելի անվտանգության ուժերը մի ակտիվիստի գետնին գցում ձեռքերը կապած, իսկ տասնյակ այլ կալանավորներ ծնկի իջած են՝ դեմքով դեպի հատակը։ Հետին պլանում հնչում է Իսրայելի ազգային օրհներգը, իսկ իր հրապարակման մակագրության մեջ Բեն-Գվիրն ակտիվիստներին անվանել է «ահաբեկչության կողմնակիցներ»։