Լրահոս
Միջազգային
15:37
04.04.26
388

Հորմուզի նեղուցը՝ որպես պատերազմի դոմինանտ ուղղություն

Img default alt hy

Իրանի դեմ սկսված իսրայելաամերիկյան պատերազմի առաջին շաբաթում դադարեցվեց Հորմուզի նեղուցով ծովային երթևեկությունը: Իրանը հայտարարեց, որ չի փակել Հորմուզի նեղուցը, սակայն այն կարող է փակված լինել պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային պայմանների բացակայության պատճառով: Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի արտահանման ավելի քան 20%-ը։  Հորմուզի նեղուցով էներգակիր ռեսուրսների տարանցիկության սահմանափակման պատճառով նավթի մեկ բարելի գինն այս ընթացքում բարձրացել է հասնելով 120$-ի: 

Ըստ որոշ վերլուծաբանների՝  նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել 200 դոլարի, եթե Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ: Հորմուզի նեղուցի նավային ակտիվության սահմանափակմամբ է պայմանավորված նաև պարարտանյութերի, ալյումինի, հելիումի, նավթաքիմիական նյութերի սպառման խնդիրը:  Հավանաբար Միացյալ Նահանգներում չէին հաշվարկել Հորմուզի նեղուցի կարևորության փաստը, և  Հորմուզի նեղուցը բացելու խնդիրը կարող է պատերազմի երկարաձգման առիթներից մեկը լինել: Ակնհայտորեն Իրանը դոմինանտ դիրք ունի Հորմուզի նեղուցի երթևեկության համատեքստում, և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին օգնել բացել Հորմուզի նեղուցը: 

Ինչպես հաղորդում է  «Al Jazeera» լրատվական գործակալությունը, Lloyd’s List Intelligence-ի տվյալներով մարտի 1-ից ի վեր նեղուցով անցել է մոտ 150 նավ, այդ թվում՝ տանկերներ և կոնտեյներային նավեր: Դրանց մի մասը կապված է եղել Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի հետ: Reuters-ը գրում է, որ ֆրանսիական կոնտեյներային մեկ նավ, Օմանի հետ կապված երեք տանկեր և ճապոնական սեփականության գազատար նավ հատել են Հորմուզի նեղուցը։ 

2025-ի հունիսյան 12-օրյա պատերազմի օրերին իրանական խորհրդարանը որոշում ընդունեց փակել Հորմուզի նեղուցը, սակայն մինչ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կստորագրեր այդ որոշումը, պատերազմն ավարտվեց: Հորմուզի նեղուցի վերաբերյալ նախորդ ամենալուրջ իրադարձությունը տեղի է ունեցել 1984-1988թթ. իրան-իրաքյան «տանկերային պատերազմի» շրջափուլում: