Լրահոս
Քաղաքական
20:18
21.05.26
141

Հայրենիքը դավաճանած մարդն ապրելու իրավունք չունի․ Գագիկ Ծառուկյան

Img default alt hy

Մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մտադրության մասին։

Ծառուկյանը հիշեցրել է, որ գործարանը ձեռք է բերել օրինական ճանապարհով և ամեն ամիս պետբյուջե խոշոր չափի հարկեր է վճարում։ «Փաշինյանն ասում է՝ գործարանը կփոխանցի ժողովրդին։ Եթե այդպես է, թող ժողովուրդն այնտեղ բաժնեմաս ունենա, այլապես ստացվում է՝ ինքն է հարստանում՝ ապօրինաբար։ Թող ցույց տա՝ ո՞ր օրենքի հիման վրա է պատրաստվում պետականացնել։ Նման որոշման դեպքում այն կբողոքարկեմ դատարանում»,- ընդգծել է Ծառուկյանը։

Կուսակցության առաջնորդը կոշտ քննադատության է ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը. «Այդ մարդը թող խոսի իր ծրագրերից, որոնք ութ տարի է՝ չկան։ Միայն խոսում են «խաղաղության» մասին։ Ո՞ր խաղաղության։ Հողերը հանձնեցին, ունեցանք հազարավոր զոհեր ու վիրավորներ, գերիները դեռ այնտեղ են, ադրբեջանցիները նստած են մեր տարածքում, իսկ իշխանությունը պատրաստվում է ևս երեք տարածք հանձնել»։

Անդրադառնալով իր հասցեին հնչող «լրտես» որակումներին՝ Ծառուկյանը նշել է, որ դրանք պետք է ապացուցվեն. «Անդրանիկ Թևանյանին նույնպես մեղադրում են լրտեսության մեջ։ Ես հայտարարում եմ՝ թող ապացուցեն, և ես ինքս հրապարակավ կպահանջեմ նրա պատիժը, քանի որ հայրենիքը դավաճանած մարդն ապրելու իրավունք չունի»։

Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները վայելում են միայն Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությունը։ Նա եզրափակել է՝ Փաշինյանը պետք է ամաչի իր գործողությունների համար և այլևս մարդամեջ դուրս չգա։