Լրահոս
Միջազգային
16:27
31.03.26
279

G7-ի երկրներն ի վիճակի չեն ազդել Մերձավոր Արևելքի հակամարտության վրա․ Politico

Img default alt hy

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն ի վիճակի չեն ազդել Մերձավոր Արևելքի հակամարտության վրա՝ չնայած ավելի վաղ արված հայտարարություններին, և որդեգրել են տարածաշրջանում դեէսկալացիային սպասելու պարզ քաղաքականություն։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գրում է Politico թերթը։

G7 երկրների ֆինանսների, էներգետիկայի նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները երկուշաբթի օրը կայացած համատեղ հանդիպման արդյունքներով աշխարհի երկրներին կոչ են արել ձեռնպահ մնալ ածխաջրածինների և հարակից արտադրանքի արտահանման նկատմամբ անհիմն սահմանափակումներ մտցնելուց։

«Մերձավոր Արևելքի հակամարտությունը յոթ ամենազարգացած տնտեսություններին հասցրել է ամենապարզունակ քաղաքականությանը՝ սպասմանը։ ... Չնայած «բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու» խոստումներին՝ G7-ի հայտարարությունը պարունակում էր քիչ կոնկրետ գործնական հանձնարարականներ»,- գրում է պարբերականը։

Ինչպես նշում է Politico-ն՝ հղում անելով երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը ներկա պաշտոնյաներին, հակամարտության տևողության վերաբերյալ մշտական անորոշությունը խորը մտահոգություն է առաջացնում G7-ի ներկայացուցիչների շրջանում, ովքեր վախենում են, որ արտահանման արգելքները միայն կխորացնեն ճգնաժամը։

Բացի այդ, ԵՄ քաղաքական գործիչները քիչ բան կարող են անել, քանի որ ճգնաժամերի շարքը ստիպել է կառավարություններին «սեղմել գոտիները», հավելում է պարբերականը:

«Մնում է միայն սպասել և տեսնել, թե ինչով կավարտվի հակամարտությունը»,- գրում է թերթը:

Պարբերականը նշում է, որ G7 խումբն արդեն երկրորդ անգամն է մեկ ամսվա ընթացքում պարզապես հրապարակային կոչեր անում՝ ցուցադրելով, թե որքան քիչ բան կարող են անել միավորման անդամները՝ խուսափելու համար հակամարտության «ուղեկից զոհեր» դառնալու ճակատագրից:

G7-ը («Մեծ յոթնյակ») աշխարհի յոթ առաջատար տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ֆոնին գրեթե դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը նավթի և գազի մատակարարման առանցքային երթուղի է, ինչը հանգեցրել է վառելիքի գների աճի աշխարհի երկրների մեծ մասում: