Լրահոս
Միջազգային
12:00
19.05.26
202

Եվրահանձնաժողովը չի բացառել Գրենլանդիային լրացուցիչ տասնյակ միլիոնավոր եվրոների հատկացումը․ Politico

Img default alt hy

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կարող է տարեվերջին այցելել Գրենլանդիա և հայտարարել կղզուն հավելյալ «տասնյակ միլիոնավոր եվրոներ» հատկացնելու մասին։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի տվյալների՝ մայիսի 19-ին Գրենլանդիա կայցելի Միջազգային գործընկերության հարցերով եվրոպական հանձնակատար Յոզեֆ Սիկելան։ Այնտեղ նա կհանդիպի դանիական ինքնավարության վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ, ինչը կարող է դիտարկվել որպես ԵՀ ղեկավարի այցի նախապատրաստում։ Սիկելան կմասնակցի նաև «Future Greenland» գործարար համաժողովին։

Պարբերականը նշել է, որ այդ միջոցառմանը ներկա կլինի նաև Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց, Լուիզիանա նահանգի նահանգապետ Ջեֆ Լենդրին, սակայն եվրահանձնակատարի հետ հանդիպում նախատեսված չէ։ Միևնույն ժամանակ, մի շարք դանիացի պաշտոնյաներ կարծիք են հայտնել, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը «չի հրաժարվել այս տարածքը ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու մտքից», թեև վերջին շրջանում Գրենլանդիայի վերաբերյալ նրա հռետորաբանությունն ավելի զուսպ է դարձել։

Գրենլանդիան մտնում է Դանիայի կազմի մեջ՝ ինքնավար տարածքի իրավունքով։ 1951 թվականին Վաշինգտոնն ու Կոպենհագենը, ի հավելումն ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին պայմանագիր։ Դրան համապատասխան՝ ԱՄՆ-ն պարտավորվել է պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։