Լրահոս
Հասարակական
11:21
01.04.26
941

Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը հոգեկան խնդիրներ ունի

Img default alt hy

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ Նիկոլ Փաշինյանին ենթադրյալ հարվածելու փորձ կատարած 18-ամյա Դավիթ Մինասյանը հոգեկան խնդիրներ ունի: Իր գիրառման մեջ Իոաննիսյանը, կարծես իրեն հոգեբույժի տեղ դնելով, գրել էր, որ այդ խնդիրները ակնհայտ են, իսկ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություններ ունի.
« Ակնհայտ է, որ պարզապես նյարդային, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է, ով որևէ վնաս չի տվել Վարչապետին և որևէ կերպ չէր պլանավորել այդ ամենը»,-գրել էր Իոաննիսյանը: Տարօրինակ է, որ ենթադրյալ հոգեկան խնդիրների մասին բարձրաձայնում է Իոաննիսյանը, այլ ոչ Դավիթ Մինասյանի պաշտպանները, ուստի փորձեցինք Իոաննիսյանից մի քանի ճշտումներ անել:

-    Դուք Դավիթ Մինասյանի մասին գրել եք, որ նա նյարդային, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է, ուզում ենք իմանալ՝ Դուք նրա առողջական վիճակի մասին հստակ տեղեկությո՞ւն ունեք, թե դա Ձեր ենթադրություններն են:

-    Ունեմ:

-    Այսինքն՝ բժշկական ախտորոշո՞ւմ ունեք:

-    Գիտեք՝ ես կոռեկտ չեմ համարում դա հրապարակելը, բայց ամեն դեպքում ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ այդ երիտասարդներին կալանավորելը կարող է անտեղի վատթարացնել իրենց առողջական վիճակը:

-    Բայց Դուք արդեն հրապարակել եք:

-    Հա, ավելի մանրամասներ չեմ ասի:

-    Իսկ այդ տեղեկությունները կարելի՞ է իմանալ՝ Ձեզ որտեղից:

-    Դե, ես ունեմ այդ ինֆորմացիան, և միանգամից ասեմ, որ այդ ինֆորմացիան պետական մարմիններից չէ:

-    Ինչ-որ հիվանդանոցի՞ց են Ձեզ ասել:

-    Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ հարազատներից են ասել, այդ սցենարը չե՞ք մտածում:

-    Մենք մի քանի օր է՝ այս թեման լուսաբանում ենք, ո՛չ հարազատները, ո՛չ փաստաբանները այդ մասին չեն խոսել:

-    Ո՞նց, ներողություն, փաստաբանը ասել է, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն կա:

-    Այո, բայց չեն ասել, որ խոսքը հոգեկան հիվանդության մասին է:

-    Կներեք, նորից եմ ասում՝ ես պետական մարմիններից ինֆորմացիա չունեմ:

-    Իսկ եթե անգամ Դուք այդ ինֆորմացիան ունեք, ինչքանո՞վ է էթիկապես ճի՛շտ այդ տեղեկությունը հրապարակայնացնելն ու տարածելը, չէ՞ որ այն կարող է այդ տղաների ապագայի վրա ազդել:

-    Գիտեք՝ այստեղ մի քիչ հակասող բաներ են: Մի կողմից, իհարկե, Ձեր ասած բաները կան, բայց մյուս կողմից դա կարևոր ինֆորմացիա է, և կարևոր է, որ հիմնավորվի, թե ինչու պետք չէ նրանց կալանավորել: Ես դա հրապարակել եմ որպես փաստարկ, թե ինչու պետք չէ նրանց կալանավորել, ես այդ ինֆորմացիան օգտագործել եմ իրենց համար, ոչ թե իրենց դեմ:

-    Բայց եթե լիներ հոգեկան խնդիր, վարույթ իրականացնող մարմինը տեղյակ կլիներ, Դուք ո՞ւմ համար եք հանրայնացրել:

-    Կներեք, Ձեր խնդիրը ո՞րն է: Ես փորձում եմ հանրային ճնշում ապահովել, որ իրենց չկալանավորեն:

-    Հանրային ճնշում մենք էլ ենք փորձում ապահովել, բայց նաև աշխատում ենք այնպես անել, որ տղաների ապագայի վրա դա չանդրադառնա: 

-    Կներեք, էդ մարդը փորձել ա վարչապետին հարվածի, և եթե չկա ուրիշ բացատրություն, ապա շատ լուրջ արարքի մասին է խոսքը: Դրա համար պետք է այդ ուրիշ բացատրությունը հրապարակել, ոչ թե մեզ պահել, որովհետև եթե մենք մեզ ենք պահում այդ բացատրությունը, չենք հրապարակում, դա նշանակում է, որ մենք ուրիշ բացատրություն չենք տալիս: Վարչապետի հարվածելը հանցագործություն է, և այդ հանցագործության դրդապատճառներից կախված՝ դա լրիվ տարբեր արարքներ են: Եթե այդ դրդապատճառները հոգեբանական խնդիրներ են, դա մի արարք է, շատ ավելի մեղմ արարք է, իսկ եթե դրդապատճառ իշխանության ներկայացուցչին ինչ-որ բան պարտադրելն է, ինչը հիմա մեղսագրում են, դա շատ ավելի ծանր արարք է:

-    Իսկ, օրինակ, հնարավոր չե՞ք համարում, որ դա ուղղակի աֆեկտի ազդեցության տակ կատարած արարք լինի ու մարդը ոչ մի հոգեկան խնդիր էլ չունենա:

-    Կներեք, իսկ աֆեկտը ի՞նչ է:

-    Աֆեկտը հոգեկան հիվանդություն չէ, դա կարճատև հոգեհուզական վիճակ է:

-    Աֆեկտը ինչ-որ շատ ծանր սթրեսի արդյունքում տեղի ունեցող բան է: Օրինակ, եթե մարդու ներկայությամբ իր հարազատին սպանում են, ինքը կարող է աֆեկտի ազդեցության տակ անողին սպանի և դա լինի աֆեկտի տակ: Էդտեղ աֆեկտի մասին խոսելը մի քիչ տեղին չի էլի: