Լրահոս
Միջազգային
10:32
08.04.26
335

Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա hրադադարի մասին․ Թեհրանը ներկայացրել է 10 կետից բաղկացած առաջարկ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին։
Հրադադարը կլինի փոխադարձ։

«Հիմք ընդունելով Շարիֆի և Մունիրի հետ ունեցած զրույցները և նրանց խնդրանքը՝ հետաձգել Իրանի նկատմամբ ոչնչացնող ուժի կիրառումը՝ պայմանով, որ Իրանը պատրաստ է լիովին, անմիջապես և անվտանգ բացել Հորմուզի նեղուցը, համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծությունը», – հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է՝ հրադադարը երկկողմ բնույթ ունի։ Իրանը համաձայնել է երաշխավորել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցով։ Թեհրանից ստացվել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը դիտարկվում է որպես բանակցությունների աշխատանքային հիմք։

Թրամփը պնդում է, որ երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանը կպատրաստեն համաձայնագրի վերջնական տարբերակը և խոստանում է, որ հակամարտության լուծումը մոտ է։

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից X-ում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար և նշելով, որ եթե Իրանի դեմ հարձակումները կասեցվեն, ապա Իրանի «հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»։

«Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատճաշ կերպով հաշվի առնելով», - գրել է Արաղչին։

Նա նույնպես նշել է, որ բանակցություններ կընթանան՝ հիմք ընդունելով Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկը։

Իրանի անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընգծելով, որ «Հակառակորդն անհերքելի, պատմական և ջախջախիչ պարտություն է կրել Իրանի ժողովրդի դեմ իր անպատվաբեր, անօրինական և հանցավոր պատերազմում»։

«Իրանը մեծ հաղթանակ է տարել և ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած առաջարկը։ 

ԱՄՆ-ն սկզբունքորեն պարտավորվում է.

1․ Հրաժարվել ագրեսիայից
2․ Պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ
3․ Ճանաչել ուրանի հարստացումը
4․ Վերացնել բոլոր առաջնային պատժամիջոցները
5․ Վերացնել բոլոր երկրորդային պատժամիջոցները
6․ Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում
7․ Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում
8․ Վճարել փոխհատուցում Իրանին
9․ Դուրս բերել ԱՄՆ մարտական ​​ուժերը տարածաշրջանից
10․ Դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Որոշվել է բանակցություններ անցկացնել Իսլամաբադում՝ առավելագույնը 15 օրվա ընթացքում մանրամասները վերջնականապես կարգավորելու համար։