Լրահոս
Աշխարհ
19:47
09.04.26
290

Սպիտակ տունը քննադատել է Ջորջ Քլունիին՝ Թրամփի հասցեին հնչեցրած խոսքերի համար

Img default alt hy

Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունը ամերիկացի դերասան Ջորջ Քլունիին անվանել է «ռազմական հանցագործ»՝ նրա «սարսափելի ֆիլմերի և զազրելի դերասանական խաղի» համար։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ դերասանը քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները Իրանի հասցեին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է բրիտանական «The Independent» թերթը։

Ապրիլի 7-ին Քլունին մեղադրել էր Թրամփին ռազմական հանցագործություն կատարելու մտադրության մեջ՝ կապված Իրանի հասցեին ամերիկյան առաջնորդի հնչեցրած սպառնալիքների հետ։ «Ոմանք ասում են, որ Դոնալդ Թրամփը լավ մարդ է։ Բայց եթե ինչ-որ մեկն ասում է, որ ուզում է ոչնչացնել քաղաքակրթությունը, [ապա] դա ռազմական հանցագործություն է»,- մեջբերում է պարբերականը դերասանի խոսքերը։

«Միակ մարդը, ով ռազմական հանցագործություններ է կատարում, Ջորջ Քլունին է՝ հաշվի առնելով նրա սարսափելի ֆիլմերը և զազրելի դերասանական խաղը»,— թերթի հետ զրույցում հայտարարել է Չունը։

Ավելի վաղ Թրամփը պնդել էր, թե Իրանը՝ որպես քաղաքակրթություն, կարող է կործանվել չորեքշաբթի գիշերը՝ գործարք կնքելու վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած վերջնագրի ժամկետի լրանալուց հետո, եթե պայմաններ չստեղծվեն Հորմուզի նեղուցում լայնածավալ նավագնացությունը վերսկսելու համար։