Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
14.04.26
1 473

ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»

Img default alt hy

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ու ավելի անհանգստացնող են դառնում տեղեկությունները, որոնք կապված են դեպի ՌԴ արտահանվող ապրանքների հետ: Մասնավորաբար, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը», սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղարկելու գործընթաց, ինչը նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում են նոր սահմանափակումներ: Մասնավորաբար, ըստ տեղեկությունների, հաջորդ սահմանափակումը վերաբերելու է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանին: Հիշեցնենք, որ այս ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, որն այժմ հիանալի համագործակցում է ՔՊ-ի հետ: Ավելին, նրա որդին՝ Վահագն Արսենյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Վայոց ձորի մարզպետ:

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, պատահական չէ, որ հենց այս օրերին ՌԴ քննչական կոմիտեն որոշեց վերաբացել ենթադրաբար «Ջերմուկ» հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի մահվան հետ կապված քրեական գործը: Նշվում է, որ գործը նախկինում կասեցվել էր, քանի որ այդ պահին հնարավոր չէր եղել պարզել հանցագործությանը ներգրավված անձանց։ Գործը վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։

Չի բացառվում, որ «նոր հանգամանքները» իրականում նաև քաղաքական ենթատեքստ ունենան: Ամենամտահոգիչն այն է, որ նման «նոր հանգամանքները» կարող են շարունակական լինել՝ կապված Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրության հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: