Լրահոս
Քաղաքական
20:45
08.11.25
767

Փաշինյանն ամեն օր մի նոր սուտ է հորինում՝ նախորդ սուտը կոծկելու համար. Արմենուհի Կյուրեղյան

Img default alt hy

«Ամեն օր մի նոր սուտ է հորինում՝ նախորդ սուտը կոծկելու համար: Իր տեսակն է այդպիսին:  Եթե հայտարարում է, որ ադրբեջանական կողմը մեր սուվերեն տարածքները վերադարձնելու է, նշանակում է՝ դրա դիմաց եսիմ ինչեր է խոստացել»,-Aysor.am-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

Պատգամավորի  խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարության իրատեսական լինելու դեպքում, մենք պետք է լսեինք նմանանտիպ տեղեկատվություն նաև ադրբեջանական կողմից.

«Եթե բանակցություն է, ապա երկխոսություն է, իսկ  Ալիևից մենք նմանատիպ հայտարարություններ չենք լսում: Դեռ ավելին՝ Ալիևը ամեն նոր օր մի նոր պահանջ է  դնում: Ալիևի հերթական ո՞ր պահանջն է կատարվել, որ հիմա էլ Ալիևը ինչ-որ բան է վերադարձնելու: Սրա մասին պետք է մտածել: Ալիևը վերադարձնելու մասին առայժմ ոչ մի բառ չէ՝ տառ անգամ չի ասել, առայժմ միայն խոսում է ստանալու մասին, պահանաջատեր է միայն»:

Պատգամավորը չբացառեց, որ Փաշինյանի այս հայտարարությանը կհաջորդի  Տիգրանաշենի և այսպես ասած՝ անկլավների  հանձնումը Ադրբեջանին. «Ինքն առաջինը դրանք կտա, հետո կմնանք սպասող՝ Ալիևի վերադարձնելու գործողություններին, որոնք չեմ կարծում՝  կյանքի են կոչվելու»:

Կյուրեղյանի խոսքով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերումը պետք է ի սկզբանե դրված լիներ՝ որպես բանակցությունների նախապայման. «Ադրբեջանական բանակը մեր սուվերեն տարածքից պետք է դուրս հանվեր, հետո նոր սկսեին ինչ-որ բաներ փոխանակելու բանակցությունները: Մտել է մեր սուվերեն տարածք, դրա փոխարեն ուրիշ բաներ է  ուզում, որ հետո մեր սուվերեն տարածքից դո՞ւրս գա: Սա բանակցություն չէ, կապիտուլյացիա է»: