Լրահոս
Միջազգային
16:41
14.04.26
286

Մակրոնը Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդներին կոչ է արել ապաշրջափակել Հորմուզի նեղուցը

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել ԱՄՆ-ի և Իրանի նախագահների հետ, որոնց ընթացքում կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի խոչընդոտումը:

«Ոչ պակաս կարևոր է, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս սեղմ ժամկետներում վերաբացվի՝ առանց նախապայմանների և առանց որևէ վերահսկողության ու տուրքերի»,- գրել է նա X-ի իր էջում: 

Մակրոնը հավելել է, որ ապրիլի 17-ին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը այլ երկրների մասնակցությամբ կանցկացնեն տեսակոնֆերանս՝ քննարկելու Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման հնարավոր «զուտ պաշտպանական առաքելությունը», որը, սակայն, հնարավոր կլինի միայն այն դեպքում, «երբ թույլ տա անվտանգային իրավիճակը»:

Պետության ղեկավարը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին վերսկսել Իսլամաբադում ընդհատված բանակցությունները, «փարատել տարաձայնությունները և խուսափել էսկալացիայի նոր փուլերից»: Նա նաև հանդես է եկել երկու երկրների միջև համաձայնեցված զինադադարի խիստ պահպանման և այդ զինադադարը Լիբանանի վրա տարածելու կոչով, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում «Հեզբոլլահ» շարժման դեմ:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելը: Իրանի իշխանությունները նաև որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների նավերի համար, որոնք աջակցել են Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ագրեսիային:

Ապրիլի 11-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ: Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Ինչպես հետագայում տեղեկացրել են երկու կողմերը, մի շարք հակասությունների պատճառով նրանց չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում: Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության առաջընթացի հեռանկարներն անորոշ են: Սպիտակ տունը հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակում սկսելու մտադրության մասին: