Լրահոս
Միջազգային
12:36
14.04.26
227

Իսրայելին զենքի մատակարարման դեմ բողոքի ակցիա` Նյու Յորքում. կա շուրջ 90 ձերբակալված

Img default alt hy

Նյու Յորքում ոստիկանությունը բերման է ենթարկել Իսրայելին ամերիկյան զենքի մատակարարման դեմ բողոքող շուրջ 90 մասնակցի։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։

Ըստ հրապարակման՝ մոտ 200 ցուցարար հավաքվել է Նյու Յորքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող Դեմոկրատական կուսակցության սենատորներ Չակ Շումերի և Քիրստեն Ջիլիբրանդի գրասենյակների մոտ։ Նշվում է, որ ցուցարարները մեկ ժամ շարունակ արգելափակել են տրանսպորտային երթևեկությունը։

Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածների թվում է եղել ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգը, ով հայտնի է WikiLeaks-ին գաղտնի փաստաթղթեր փոխանցելով։ NYT-ն ընդգծում է, որ ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել անկախ սենատոր Բեռնի Սանդերսի օրենսդրական նախաձեռնությանը, որը նպատակ ունի արգելափակել Իսրայելին գրեթե կես միլիարդ դոլարի զենքի վաճառքը։ Թերթի տեղեկություններով՝ բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջել են դադարեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն ընդդեմ Իրանի։