Լրահոս
Միջազգային
17:55
14.04.26
277

Իրանում մեր առաքելությունը կավարտվի միայն վարչակարգի փոփոխությունից հետո․ «Մոսադի» ղեկավար

Img default alt hy

Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» տնօրեն Դավիթ Բարնեան երեքշաբթի հայտարարել է, որ այս հատուկ ծառայության առաքելությունն Իրանում կավարտվի միայն այնտեղ քաղաքական վարչակարգի փոփոխությունից հետո։

Ելույթ ունենալով Աղետի և եվրոպական հրեության հերոսության հիշատակի օրվա կապակցությամբ՝ Բարնեան նշել է, որ «Մոսադը» գործել է Թեհրանում՝ ռազմաօդային ուժերին տրամադրելով ճշգրիտ հետախուզական տվյալներ թիրախներին հարվածելու համար։

«Մեր առաքելությունը դեռ ավարտված չէ, բայց մենք չէինք էլ կարծում, թե այն կիրականացվի անմիջապես մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Մենք ծրագրել էինք, որ մեր արշավը կշարունակվի նաև Թեհրանի վրա հարձակումներից հետո ընկած ժամանակահատվածում։ Մեր պարտքը կատարված կհամարվի միայն այն ժամանակ, երբ այս վարչակարգը տապալվի»,- հայտարարել է Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է իսրայելական հեռուստաալիքներով։

Ապրիլի 11-ին Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա զինադադարի շուրջ համաձայնության գալու մասին:

Ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ տևական բանակցությունների ընթացքում երկրներին չի հաջողվել համաձայնության գալ։ Դրանից հետո Թրամփը հայտարարեց Իրանի նավահանգիստներ մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի ծովային շրջափակում սկսելու մասին։