Լրահոս
Միջազգային
17:05
13.04.26
399

Իրանի շրջափակումն ընդգրկելու է Օմանի ծոցը և Արաբական ծովը․ Reuters

Img default alt hy

ԱՄՆ զինված ուժերը Իրանի ծովային շրջափակումն ապահովելու համար գործելու են Օմանի ծոցում և Արաբական ծովում։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM)՝ նավագնացային ընկերություններին ուղղված հանձնարարականին։

Ըստ տեղեկության՝ շրջափակումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին։ «Ցանկացած նավ, որն առանց թույլտվության կմտնի շրջափակման գոտի կամ դուրս կգա այնտեղից, ենթակա է կասեցման, կուրսից շեղման և առգրավման», - ասված է հաղորդագրության մեջ։

CENTCOM-ը հստակեցրել է, որ շրջափակումն ընդգրկելու է «Իրանի ողջ առափնյա գիծը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով նավահանգիստներով և նավթային տերմինալներով»։ Միևնույն ժամանակ, հրամանատարությունն ընդգծել է, որ հումանիտար բեռների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների փոխադրումը կթույլատրվի՝ նավերի կողմից ստուգում անցնելու պայմանով։

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ը Իսլամաբադում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 

Ինչպես ավելի ուշ հայտնեցին Թեհրանն ու Վաշինգտոնը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունն ավելի ուշ հայտարարեց, որ ամերիկյան զինվորականները ապրիլի 13-ին կսկսեն Իրանի ծովային շրջափակումը։