Լրահոս
Աշխարհ
15:15
13.04.26
276

Հռոմի պապը հայտարարել է, որ չի վախենում Թրամփից

Img default alt hy

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ չի վախենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից և մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ամերիկյան առաջնորդի հետ։

Ավելի վաղ Թրամփը քննադատության էր ենթարկել Հռոմի պապին՝ հայտարարելով, որ իրեն պետք չէ մի քահանայապետ, որը դեմ է հանդես գալիս իր քաղաքականությանը։ Թրամփի խոսքով՝ «Լևոնը Վատիկանում չէր լինի», եթե ինքը չլիներ Սպիտակ տանը։

«Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից, ես խոսում եմ Ավետարանի մասին և կշարունակեմ բարձրաձայն արտահայտվել պատերազմի դեմ»,- հայտարարել է Լևոն XIV-ը լրագրողներին՝ Ալժիր ուղևորվող ինքնաթիռի բորտում։

Քահանայապետն ընդգծել է, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ, գրում է Messaggero-ն։ Ինչպես նշում է Corriere della Sera-ն, վատիկանյան լրագրողների հետ շփման ընթացքում Լևոնը հայտարարել է, որ իր միակ ուղերձը խաղաղությանը նպաստելն է։

«Ես սա ասում եմ աշխարհի բոլոր առաջնորդների համար, և ոչ միայն նրա... Չափազանց շատ անմեղ մարդիկ են զոհվել, և ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը պետք է կանգնի ու ասի, որ կա ավելի լավ ելք», - ասել է պապը:

Լևոն պապն ավելի վաղ բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Իրանում: Մասնավորապես, նա անընդունելի էր անվանել իրանցի ժողովրդին ուղղված ԱՄՆ սպառնալիքները: Ապրիլի սկզբին, ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի՝ զինծառայողների համար աղոթելու կոչից հետո, նա իր քարոզում հայտարարել էր, որ տիրելու (դոմինանտության) ձգտումը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն: 

Նախկինում Լևոն պապը հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք զինված հակամարտությունների սկսման համար պատասխանատու քրիստոնյա քաղաքական գործիչները խոստովանության գնալու քաջություն ունեն: