Լրահոս
Միջազգային
10:45
13.04.26
243

Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցությունը չի բացառում երկխոսությունը Մոսկվայի հետ

Img default alt hy

Հունգարիայի նոր ղեկավարությունը ստիպված կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, քանի որ երկրների աշխարհագրական դիրքը չի փոխվի, և Բուդապեշտը կշարունակի հույսը դնել ռուսական էներգետիկ պաշարների վրա։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։

Népszava թերթին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ երկրի բնակիչները ցանկանում են, որ իրենց կառավարությունը լինի «հունգարամետ», այլ ոչ թե «ուկրաինամետ»։ «Լավ կլիներ ունենալ մի կառավարություն, որը զբաղվում է հունգար ժողովրդի իրական խնդիրներով։ Իհարկե, եթե դա տեղի ունենա, ստիպված կլինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր Պուտինի] հետ»,- նշել է նա։

Մադյարը հավելել է, որ «ոչ Ռուսաստանի, ոչ Հունգարիայի աշխարհագրական դիրքը չի փոխվի»։ Բացի այդ, դեռ որոշ ժամանակ կպահպանվի Հունգարիայի «էներգետիկ կախվածությունը» Ռուսաստանից։ «Եթե անհրաժեշտ լինի, մենք բանակցություններ կվարենք, բայց ընկերներ չենք դառնա»,- մատնանշել է կուսակցության առաջնորդը։

Ավելի վաղ Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոն հայտնել էր, որ ապրիլի 12-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը՝ Պետական ժողովում (միապալատ խորհրդարան) ստանալով 199 տեղից 138-ը։