Լրահոս
Քաղաքական
23:15
07.04.26
501

«Ավինյանն անցել է սպառնալիքների և շանտաժի լեզվի». Դանիելյանն արձագանքել է քաղաքապետի հրահանգին

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գերազանցելով իր լիազորությունները՝ անցել է սպառնալիքների և շանտաժի լեզվի։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Վերջինս հրահանգ է իջեցրել ավտոբուսների վարորդներին, որպեսզի ստիպեն տրանսպորտի ուղեվարձը չվճարող քաղաքացիներին կատարել վճարում, այլապես՝ կզրկվեն արտաժամվա վճարումից։

Ավինյանն իր այս որոշումը «հիմնավորել է» այն հանգամանքով, որ իրենք չեն կարող վճարել արտաժամյա աշխատանքի դիմաց, եթե վարորդները հավաքագրման պրոցեսին չեն աջակցում։

Տրանսպորտի ուղեվարձի սակագինը թանկացրած քաղաքապետը հավանաբար լավ չի հասկանում, որ վարորդի գործառույթը սահմանափակվում է տրանսպորտային միջոցը վարելով, ինչն էլ սահմանված է աշխատանքային պայմանագրում։

Վարորդները պետք է գիտակցեն, որ պահանջն ապօրինի է։ Որևէ մեկը չի կարող ստիպել, որ առանց այդ էլ խցանումներով լի մայրաքաղաքում և այսպիսի լարված երթևեկության մեջ վարորդը կատարի նաև տեսուչի գործառույթ։

Քաղաքացիներից ստանում եմ ահազանգեր, որ այս իրավիճակը հանգեցնում է ամենօրյա վեճերի և փոխադարձ վիրավորանքների՝ խաթարելով հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Դադարե´ք իրար դեմ հանել մեր հայրենակիցներին, պառակտել հանրությանը։ Կրկնում եմ՝ նման հրահանգը ապօրինի է։ Պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում կանգնելու վարորդների և մեր քաղաքացիների կողքին»։